Զինվորների մկրտություն Նուբարաշենի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում
Հունիսի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր Տեր Զաքարիա քահանա Անանյանի ձեռամբ Նուբարաշենի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում տեղի ունեցավ 6 զինծառայողների մկրտություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնության պաշտոնական կայքը:
Մինչ արարողությունը՝ զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագը անհրաժեշտորեն պատրաստել էր զինվորներին Եկեղեցու կարևորագույն և առաջին խորհրդին՝ մկրտությանը, բացատրելով խորհրդի կարևորությունը, ծիսակատարությունը և անհրաժեշտությունը:
Մկրտվող զինծառայողների կնքահայրերն իրենց հրամանատարներն ու ծառայակից ընկերներն էին, ովքեր Աստծու առաջ հանձն առան ամենայն պատասխանատվությամբ զբաղվել իրենց սանիկների հոգևոր դաստիարակությամբ: Արարողությանը մասնակցում էին զորամասի հրամանատարի տեղակալներ: Զինվորները ստացան մկրտության նոր անուններ՝ Թադեոս, Անդրեաս, Հովհաննես, Միքայել, Մարկոս, Նարեկ: Խորհրդակատար Տեր Հայրը շնորհավորեց մկտվողներին՝ մաղթելով ծառայողական հաջողություններ, ձեռքբերումներ և հարգանք ու սեր մեկը մյուսի նկատմամբ: