Հպարտության արցունքներ Եռաբլուրում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/yer2.jpg)
Խորհրդավոր թախիծ, երախտիքի անձայն խոսքեր, զգացմունքայնություն… Արիտունցիները Ալբերտ Առաքելյանի վարած ռազմահայրենասիրական դասը դեռ երկար կհիշեն: Նրանք այսօր բացառիկ հնարավորություն ունենին լինելու Եռաբլուր-պանթեոնում և զգալու այդ սուրբ հողի ուժն ու կանչը: Հուզմունք և հպարտության արցունքներ. այսուհետ նրանցից յուրաքանչյուրն է Անդրանիկի, Մոնթեի, Սպարապետի գաղափարների կրողը ու շարունակողը:
Վրաստանաբնակ Անգելինա Կոբելյանն այդպես էլ չկարողացավ զսպել իրեն խեղդող արցունքները: Նա հպարտությամբ էր գլուխ խոնարհում մերօրյա հերոսների շիրիմներին.<<Նրանց շնորհիվ է, որ մենք հիմա ազատ ենք ու անկախ, որ կարողանում ենք ամեն առավոտ տեսնել արևածագը, վայելել այս օդը, ապրել խաղաղ երկնքի տակ : Նրանց արյամբ է շաղախված հայրենիքիս հողը և մենք իրավունք չունենք այդ հողի մեկ թիզն, անգամ, զիջելու թշնամուն>>: Հայրենիքի հանդեպ Անգելինայի սերն այքան զորավոր է. դեռատի օրիորդը երազում է ծառայել հայրենիքին, ինչպես ժամանակին պապիկը՝ Անդրանիկ Կոբելյանը, ով մասնակցել է արցախյան ազատամարտին: Անգելինան ամենևին էլ համամիտ չէ այն կարծիքին, որ աղջիկները թույլ են և անկարող են այդ գործում.<< Հայուհիներն ունեն մեծ կամքի ուժ. պատմությունն է փաստում այդ մասին: Սոսե մայրիկի պատգամները մենք լավ ենք յուրացրել: Աստված չանի, եթե անհրաժեշտություն լինի, մենք նորից դա ցույց կտանք աշխարհին և մեր թշնամուն>>:
Եռաբլուր-պանթեոնի արարողությունների բաժնի պետ Ալբերտ Առաքելյանը գոհունակությամբ է խոսում Արի տուն ծրագրի մասին: Նրա համոզմամբ Սփյուռքի նախարարությունը հրաշալի, կարևոր գործ է կատարում՝ երիտասարդներին հաղորդակից դարձնելով իրենց պատմությանն ու արմատնեերին.<<Մենք ժամանակին թանկ գին ենք վճարել ազատության համար, բայց այն պահպանելն ավելի դժվար է այսօր: Հիմա ձեր՝ երիտասարդներիդ, ձեռքերում է ամեն ինչ:Մեկ բռունցք դարձած առաջ գնացեք, վերադարձեք և շենացրեք մեր Հայրենիքը>>:
Եռաբլուրի մատուռում <<Արի տուն>> ծրագրի բոլոր մասնակիցներն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ խնդրելով բոլոր զինվորներին բազկի ուժ և ոգու արիություն, սահմաններին ամրություն ու խաղաղություն:
Էմմա Վարդանյան