Տորոնտոյի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» վարժարանի սաները՝ Հայաստանում
Տորոնտո քաղաքում գործող «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» ազգային շաբաթօրյա վարժարանի շրջանավարտներն ամեն տարի Սուրբ Երրորդություն առաքելական եկեղեցու հովանավորությամբ այցելում են պատմական հայրենիք: Ծրագիրը գործում է արդեն 6 տարի և հնարավորություն ընձեռում դպրոցականներին տեսնել պատմության դասագրքերում կարդացածն ու լսածը: Այս տարի ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել 10 դպրոցական:
Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շաբաթօրյա ազգային վարժարանը գործում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Կրթօջախ, որի նպատակն է օտար ափերում հայկականությամբ ու հայկական ավանդույթներով դաստիարակել սերունդներ: Թեև մեկ օր են աշակերտները հաճախում հայկական դպրոց, սակայն հայոց լեզվի և գրականության ուսուչուհի Լուսին Մանգասարյանը վստահեցնում է, որ քիչ ժամանակահատվածում կարողանում են երեխաների մեջ արթնացնել հայի ոգին և պահպանել ոսկեղենիկ հայերենը:
Օտար ափերում հայկական ոգին պահպանելու, հայոց պատմության հաղթական և, ինչու ոչ, նաև արյունոտ էջերը դպրոցականներին ճշգրիտ ներկայացնելու համար դպրոցում միջոցառումներ մշտապես են կազմակերպվում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու խոսքով՝ հայոց ցեղասպանության պատմությանը դպրոցականները քաջածանոթ են։
Այս տարի աշխարհի շատ ու շատ երկրներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ: Կանադայի հայկական այս վարժարանը ևս անմասն չի մնացել: Ապրիլի 24-ին Ջորջ Թաուն քաղաքում, որտեղ, ի դեպ, ապաստանել են հայոց ցեղասպանությունից մազապուրծ առաջին 109 որբերը , անմեղ զոհերի հիշատակության արարողություններ են կատարվել:
Դդպրոցի շրջանավարտները արդեն 9 օր է իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանում: Սուրբ Երրորդություն առաքելական եկեղեցու հովանավորությամբ դպրոցն ավարտած սաները ուխտագնացության են գալիս մայր հայրենիք՝ դասագրքերում կարդացածն ու լսածը սեփական աչքերով տեսնելու: 10 շրջանավարտներն առաջին անգամն են հայրենիքում։
Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ ուսուցչուհին վստահ է, որ հայրենիքում անցկացրած օրերը երբեև չեն ջնջվի դպրոցականների մտապատկերից և այս այցելությունները կարող են դառնալ հայրենիքում մշտապես բնակություն հաստատելու առհավատչյա: