Բելգիայի հայ և ասորական կազմակերպությունները մտահոգված են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի որոշ կետերով
Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:
«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ կազմակերպությունները մասնավորապես անհանգստացած են բանաձի 2-րդ և 9-րդ կետերի մասով:
Երկրորդ հոդվածը խնդրում է Բելգիայի դաշնային կառավարությանը «ընդունել, որ ժամանակակից Թուրքիան չի կարող բարոյական և պատմական պատասխանատվություն կրել Օսմանյան կայսրությունում հայերի կրած ողբերգության համար»: Իսկ իններորդ հոդվածն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկու երկների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հայկական և ասորական կազմակերպությունները 2-րդ հոդվածն «անհաջող» են անվանել` նշելով, որ ավելի ու ավելի շատ մտավորականներ և թուրքական քաղաքացիական հասարակության անդամներ այսօր հանդես են գալիս ճշմարտության կողմից և պայքարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Ի հակադրություն, թուրքական իշխանություններն ապավինում ժխտողականությանը` շարունակելով հերքել հայերի և ասորիների ցեղասպանությունների ապացույցները և փառաբանելով դրանց կազմակերպիչներին: Այդ կերպ նրանք Օսմանյան կայսրությունում իրականացված գործողությունների հետևորդներն են դառնում: Պաշտոնական Թուրքիան առնվազն բարոյական պատասխանատվություն ունի»,- նշվում է կազմակերպությունների տարածած հայտարարությունում:
9-րդ հոդվածի մասով` հայտարարության հեղինակները կարևորում են հայ և ասորական ասոցիացիաների մերձեցումը ցեղասպանությունը ճանաչած Բելգիայի թուրքական ասոցիացիաների հետ` երկխոսություն սկսելու համար, որը կարող է տանել նրանց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունել է հուլիսի 7-ին: Ընդունված բանաձևը ներկայացրել էր իշխող մեծամասնական կոալիցիոն ուժը: Բանաձևի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չանցան: