ԱԱՀ կազմակերպության նախագահ Սուրեն Սերայրդարյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սերայրդարյանին և նրա քրոջը՝ Սիրիայից Հայաստան տեղափոխված Անի Սերայրդարյանին:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների շնորհիվ ձեռք բերված արդյունքներին, այդ արդյունքները պահպանելու և զարգացնելու հնարավորություններին, ինչպես նաև իրավական ասպարեզում իրականացվելիք հնարավոր քայլերին:
Հյուրի հետաքրքրությունների շրջանակում էր նաև հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի պահպանման խնդիրները: Պատասխանելով նրան հետաքրքրող հարցերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռքի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են Հայոց լեզվի պահպանմանն առնչվող հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվում արևմտահայերենի ուսուցմանը:
Նախարարությունը տարբեր միջոցներով անդրադառնում է արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համակարգերի զուգորդման հարցերին. հրատարակվում են մասնագիտական գրքեր, կազմակերպում են լեզվի ուսուցման արագացված դասընթացներ, գործում են լեզվի ուսուցման հեռուստադպրոցը, ինչպես նաև արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագիրը (www.translator.am) և այլն: Այս հարցերին է նվիրված նաև հուլիսի 30-31-ին Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության և ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրները» համաժողովը:
Անդրադարձ եղավ նաև Հայաստանում հաստատված սիրահայությանը: Պարոն Սերայրդարյանը նախարարին տեղեկացրեց, որ քույրը՝ Անին, Երևանում բնակարան է գնել և վերջնականապես հաստատվել է Հայաստանում:
Նախարարն ուրախությամբ ընդունեց այդ լուրը և շեշտեց, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը Հայրենիքում հաստատվելն է:
Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: