Սիիրթի (Սղերթի) հայերը

Անցյալում հայերով հոծ բնակեցված քաղաքներից մեկում՝ Սղերթում այժմ, մշակութային ժառանգությունից բացի, ոչինչ աչք չի զարնում: Թուրքական միությունները կամ էլ որոշ քրդական զինյալներ հայերին սպանեցին կամ էլ բռնի իսլամացրեցին: Որոշ աղբյուրներում Սղերթը հիշատակվում է որպես «Սեերթ (երեք վայր)»: Շեմսեդդին Սամիի բառարանում նշված է նաև «Տիղրակերտ» ձևը: Որքան էլ որ ասեն, թե Սամի արմատից է, կարծիք կա, որ հայերեն Տիղրակերտը ժողովրդախոսակցական լեվում դարձել է Սիգրակերտ, Սիգիրթ և վերջապես Սիիրթ: XVIII դարում քաղաքում 5600 հայկական տուն կար, սակայն XIX դարում այս թիվը հասել է 2500-ի: 1800-1830 թթ. քաղաքի 17 000 բնակչությունից 6000-ը հայեր էին: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը 13000-ի հասնող բնակչությունից 6 000 հայեր էին, մնացածը՝ թուրքեր, արաբներ, քրդեր ու ասորիներ:

Եկեղեցիներն ավերվում, իսկ գրքերը վառվում են քարանձավներում…
Համաձայն XIX դարի առաջին կեսին Սիիրթ այցելած եւրոպացի ճանապարհորդների/ միսիոներների հուշագրությունների՝ Սիիրտի կենտրոնի բնակչության 1/3-ը կազմում էին մուսուլմանները, 2/3-ը՝ ոչ մուսուլմանները (հայ, նեստորական և հրեա), և ապրում էին միասին, առանց որևէ խնդրի: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1915 թ. հուլիսին ռուսները գրավեցին Բիթլիսը, Սիիրթի վալին ռուսների զավթողական ծրագրերը կասեցնելու նպատակով Սիիրթում և շրջակայքում բնակվող ոչ մուսուլմանների դեմ գործողություններ է սկսում, որի արդյունքում թալանվում և ավերվում են հատկապես կենտրոնական Հոլանիե, Հանդեցիս գյուղերն ու Դեյրի եկեղեցիները/վանքերը: Անգամ ասում են, թե Դեյր վայրի Սուրբ Հակոբ (Mor Yakup) վանքի 30 000 գրքերը վառել են: Հաճախ ասում են, թե զինվորները հետապնդել են կոտորածից փրկված Սուրբ Հակոբ վանքի արքեպիսկոպոս Ադդեյ Սերին և սպանել ներկայիս Էրուհի Թանզըհ (Քավաքյոզու) գյուղի քարանձավում, որտեղ թաքնվել էր: Գրող-բանաստեղծ, գիտնական Ադդեյ Շերը հայտնի է նրանով, որ 1905 թ. Եւրոպայից բերած օգնությունը առանց խտրության հավասար բաժանել է Սիիրթի աղքատ մուսուլմաններին և քրիստոնյաներին: Բազմաթիվ հայ և նեստորական ընտանիքներ կա՛մ աքսորվել, կա՛մ սպանվել, կա՛մ բռնի իսլամացվել են:
Ներկայում Սիիրթում և շրջակայքում մոտ 30 եկեղեցու և վանքի ավերակներ կան: Սիիրթում Սուրբ Հակոբ եկեղեցին, ըստ էության, XX դ. սկզբին ավերվել էր: Իսկ քաղաքի երեք եկեղեցիները մինչ Առաջին համաշխարհային պատերազմը գործում էին: Ողջ վիլայեթում 30 եկեղեցի կար: XIX-XX դդ. ընթացքում աղջիկների և տղաների համար երկու առանձին հայկական դպրոց կար: Մինչև հիմա քաղաքը շրջապատող ավերակների վերածված հայկական ամրոցների մնացորդներ կան: Իսկ շրջապատող ժայռերի վրա հայերեն արձանագրություններ կան:

Ծառայության համար 100 արհեստավոր են կենդանի թողել
1895 թ. կոտորածի ժամանակ թուրքական պետությունն հրի է մատնել այստեղ գտնվող եկեղեցին և հայկական դպրոցը: Հայ բնակչության մեծ մասն էլ բռնի իսլամացվել է: Սպանել են հոգևորականներին: Թեև 1915 թ. հայկական միավորումներն ու ռուսական ուժերը Սիիրթը վերցրել են թուրքերից և քրդական զինված միավորումներից, բայց երբ ռուսները հետ են քաշվել, թուրքերն ու որոշ քրդական զինյալներ քաղաքը մաքրել են հայերից: Թուրքական պետությունն ու քրդական զինյալները այստեղի հայ բնակչությանը ոչնչացրել են՝ կենդանի թողելով լոկ 100 արհեստավոր, որպեսզի վերջիններս իրենց ծառայեն:

Հայերի աղբյուրն ու ուտելիքները
Թաղամասը, որ այսօր հայտնի է որպես Ինոնյուի թաղամաս, նախկինում հայերով է բնակեցված եղել: Հայտնի է, որ այն վայրում, որտեղ գտնվում է Սիիրթի ոստիկանական բաժանմունքը, եղել է հայկական եկեղեցին և հայերի կառուցած մի աղբյուր: Բացի այդ՝ արաբների մոտ՝ որպես «քիթել», քրդերի մոտ՝ որպես «քութիլիք» հայտնի իշլի քյուֆթա ուտեստը շրջանին բնորոշ այն ուտելիքներից է, որը հայերն են թողել Սիիրթի բնակչությանը:
Սըղերթ (Սիիրթ) սանջակի հարավարևելյան լեռնային հատվածում գտնվող երվարի կազայի (հայտնի է իր մեղրով) ղեկավար կենտրոնը Խոխաթ/Խասյե/Խասիլ ավանն է, որտեղ բնակվել է 180 հայ (20 տուն, մեկ դպրոց, 22 աշակերտ): Կազայի 15 գյուղում ապրել է 2 538 հայ (282 տուն): Այս համայնքն ունեցել է 7 եկեղեցի և 2 դպրոց, որտեղ սովորելիս է եղել 72 աշակերտ:
Վելաս – 270 հայ (30 տուն), 1եկեղեցի
Մալիք (Մելիք) – 225 հայ (25 տուն), Սուրբ Գևորգ եկեղեցի
Բալիջան/Փանիչան/Բենիջոն – 162 հայ (18 տուն)
Սանո/Սանու/Սանի – 27 հայ (3 տուն)
Էլքեֆ – 72 հայ (տուն), 1 եկեղեցի
Դեշտիկ – 70 հայ (8 տուն), 1 եկեղեցի
Օզիմ (Ուզում) – 10.80 հայ (120 տուն), Սուրբ Ստեփանոս եկեղեցի, 1 դպրոց (50 աշակերտ)
Աքուգ/Հագուգ/Ուրքուք – 182 հայ (20 տուն), 1 եկեղեցի
Շեքամեր – 75 հայ (8 տուն),
Սիմ – 51 հայ (6 տուն)
Սերհալ – 27 հայ (3 տուն),
Ռաբանոքան (Ռաբանոգ) – 45 հայ (5 տուն), 1 եկեղեցի
Ադել՝ 72 հայ (8 տուն),
Հաշեդ-Ադուս` 72 հայ

Էրուհ (Արո/Բոհթան) կազան
Էրուհ գավառն այն վայրերից է, որը հոծ բնակեցված է եղել հայերով: 1915 թ. Անատոլիայում բազմաթիվ հայեր ողջ մնալու համար ստիպված էին իսլամ ընդունել: Այս հողերում նախկինում ևս վտանգի պայմաններում կրոնափոխություն եղել է, սակայն այդ սև տարիներին շատ ավելի մարդ ընդունեց իսլամ: Էրուհում «միսիլմենիները» 1915 թ. մահվան վախով իսլամացան:
Ըստ պատրիարքարանի տվյալների՝ 1915 թ. կազայում բնակվող հայերի թիվը նվազել էր՝ հասելով 3 393-ի: Դեհում հայերն ունեին Սուրբ Հարություն և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, դպրոց, որտեղ սովորում էր 95 աշակերտ: Մինչ 1915 թ. հայերի թիվը ներկայացնում էր հետևյալ պատկերը՝
Գիրդարե – 16 հայ (2 տուն),
Իքաքա – 29 հայ (3 տուն),
Լիրդե (Լոդե) – 45 հայ (5 տուն),
Գովեշեր – 47 հայ (5 տուն),
Ֆինդիք – 225 հայ (25 տուն)

Էրուհցի մի հայ. «Անդնդից ցած նետեցին»:

«Լռության ձայնը. խոսում են թուրքիացի հայերը» գրքում Էրուհի բռնի իսլամացման մասին էրուհցի մի մարդ (անունը չի նշվում. X տղամարդ, 1961 թ., Էրուհ-Սիիրթ) պատմում է. «Մեզ բռնի իսլամացրեցին: 7 գյուղից վռնդվել ենք: Յուրաքանչյուրում ստեղծել էինք մեր կարգն ու կանոնը: Մեկը եկավ ու ասաց՝ դուրս եկեք այստեղից, մենք էլ փախել ենք: 7 անգամ ստեղծել էինք մեր կարգն ու կանոնը, 8-րդ անգամ գնել էինք մեր տունը: Մեր տունը գնել էինք մեկ ուրիշից, դաշտը՝ մեկ ուրիշից: Քրդերն ասում էին. «Այս անհավատներին չոր քարի վրա դրեք, մի կտոր բուրդ տվեք, էլի կապրեն», սակայն մենք չկարողացանք ապրել: Մենք ջուլհակ էինք, մեզ ձեռք չտվեցին, որպեսզի գլխարկ, շալ գործենք իրենց համար, սակայն բռնի իսլամացրեցին: Մեր անձնագրում «դյոնմե» են գրել: Հետո ասել են. «Կանչեք այդ գյավուրներին, դյոնմեի փոխարեն մուսուլման ենք գրելու»: Ե՛ւ դյոնմե, և՛ իսլամ գրելիս մեզ չեն հարցրել:

Հայրս ասում էր. «Քեզ գյավուր են ասելու, մյուսներին էլ են ասում, սակայն ձայն չեն կարողանում հանել: Քեզ չեն սպանի, ծեծ կեր, սակայն ծպտուն չհանես, արի տուն»: Սա հորս տված խրատն է: Այդպես ծեծ ուտելով էլ մեծացա: 7-8 տարեկան էի, մեծ մարդիկ, ականջներիցս քաշելով, գետնին էին քցում՝ ասելով՝ գյավուր է, ոսկորները չեն ջարդվի: Մենք այնտեղ մի անդունդ (Թեհթամեթերխանե) ունեինք: Այնտեղից մեր մարդկանց նետում էին, ոսկորները իրար վրա էին դասվել: Ինձ տանում էին այդ անդունդի մոտ և սպառնում՝ «Պապիդ ոսկորներն այնտեղ են, քեզ էլ ենք այնտեղ նետելու»(…)»:

Այս հատվածին կոչում են «միսլիմինե», քանի որ հետագայում են իսլամ ընդունել: Այս գավառում բազմաթիվ եկեղեցիներ ու ծիսական վայրեր կան: Սիիրթ-Էրուհ ճանապարհին ակնհայտորեն աչքի են զարնում նաև գերեզմաններն ու դամբարանները: Այս տարի Էրուհ-Սիիրթ ճանապարհի շինարարության ժամանակ գերեզմաններն ավերվել են: Տեխնիկայով ճանապարհը փորելիս մոտ 100 գերեզման է հայտնաբերվել:

Գերեզմանների ոսկորները սփռվել են շրջապատով մեկ: Երբ գյուղացիները ոսկորները հավաքել ու իրենց տեղն են դրել, պարզվել է, որ իրավասուներն այս գերեզմանի վերաբերյալ որևէ աշխատանք չեն կատարել: Այն վայրերը, որտեղ փորել են, ոսկորները դրսից երևում են: Այսինքն՝ կիսաբաց վիճակում են: Շրջակայքում ապրող բոլորը գիտեն, որ գերեզմանոցը հայերին է պատկանում: Գերեզմանոցից վերև գտնվում է Դերշըմշ եկեղեցին: Տարիներ առաջ այնտեղ հայեր էին բնակվում: Այժմ ոչ մի հայ չի ապրում այդ գյուղում:

Սիիրթի տարեցները, ովքեր տեղյակ են Սիիրթի հայերի մասին, կամ էլ երկար տարիներ լրագրությամբ զբաղված անձինք այս մասին խուսափում են խոսել:

Դեռևս գաղտնիք է, թե ինչ է եղել Սիիրթի հայերի հետ, որտեղ են աքսորվել, ովքեր են նրանց կոտորել, Նևելա ավանում քանի հայի դի է հայտնաբերվել:

Զանա Աքսու

siirttenote.com

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net

Scroll Up