«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության ղեկավարները Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  ԱՄՆ Գլենդել քաղաքում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանին և տնօրեն՝ Օֆելյա Ծատուրյանին:

 Բարձր գնահատելով հայապահպանությանն ուղղված տեր և տիկին Ծատուրյանների ջանքերը՝ նախարարը կարևորեց ԱՄՆ հայահոծ շրջանների շուրջ երեք տասնյակ ամերիկյան դպրոցներում հայերեն դասընթացների կազմակերպում:  Նա մասնավորապես ասաց. «Հիրավի, Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն է՝ ամերիկյան պետական դպրոց հաճախող հայ աշակերտներին հայեցի կրթությամբ և դաստիարակությամբ հայի ոգի սերմանելը, հայրենասեր սերնդի պահպանումը Ամերիկայի Միացյալ Նահանգների նման բազմամշակույթ երկրում: Ահա թե ինչու հայ ծնողները իրենց երեխաներին սիրով են բերում մայրենի լեզուն սովորելու: Զարմանալի է, որ կրթօջախում նույնիսկ այլազգի երեխաներ են հաճախում,  ովքեր ցանկություն են հայտնել սովորել հայերենը»:

 Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և աջակցության, մասնաորապես՝ կրթահամալիրը դասագրքերով և ուսումնաօժանդակ նյութերով ապահովելու համար:

 Կրթօջախի նախագահ Վահիկ Ծատուրյանը ներկայացրեց իրականացվող աշխատանքները, առկա խնդիրները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացված միջոցառումները:

Քննարկվեցին Սփյուռքում հայապահպանությանն առնչվող այլ հարցեր:

a

Scroll Up