«Հայերի որսը». թուրք հեղինակի անդրադարձը հակահայկական հայտարարություններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/orhankemalcengiz.jpg)
Թուրքական «Bugun» թերթի սյունակագիր Օրհան Ջենգիզն իր հոդվածում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հայերի նկատմամբ հնչող ռաիստական հայտարարություններին: Հեղինակն օրինակներով ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կունենային նման հայտարարություններն այլ երկրներում` ավելացնելով, որ թուրքական դատական մարմինները կարծես բնավ ականջալուր չեն բոլոր այդ հայտարարություններին:
Հոդվածի հայերեն տարբերակը ներկայացնում է ermenihaber.am-ը.
«Որպեսզի որոշ մարդիկ կարողանան տեսնել որոշ խոսքերի տգեղությունն ու դրանցում առկա ծանր սպառնալիքները, գուցե այդ խոսքերը պետք է լսեն մեկ ա՞ յլ երկրում:
Օրինակ` եթե գերմանական ինչ որ ձախ ծայրահեղական կազմակերպություն հարցներ. «Ի՞նչ անենք, փողոցներում մուսուլմանների որս անեն՞ք», ապա իսկույն կհասկանայիք, որ դա հարցադրում չէ: Այնպե՞ս չէ:
Կամ էլ եթե բուլղարական որևէ ձախ ծայրահեղական կազմակերպություն ասի. «Թուրքերի որս անե՞նք», կզայրանաք նույնիսկ ավելի շատ, քան կարելի է զայրանալ այդ խոսքերի իմաստից: Կհարցնեիք, թե արդյո՞ք Բուլղարիայում իրավունք ու օրենք չկա: Այդպես չէ՞:
Քանի որ հասարակ դատողությամբ կարելի է հասկանալ, որ այնպիսի մի վայրում, որտեղ փոքրամասնությունը թիրախավորվում է և աջուձախ նման խոսքեր են հնչեցվում, որոշ ժամանակ հետո այդ խոսքերի հասցեատերերը կարող են հարձակումների ենթարկվել:
Ահա այդ պատճառով էլ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում որոշակի մարդկային խմբերին թիրախավորող, ատելություն պարունակող խոսքերը համարվում են լուրջ հանցանք:
Մեզ մոտ նման դեպքերի համար գոյություն ունի Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը` «Ժողովրդին դրդել ատելության և թշնամանքի»:
Կարսի «Ուլքյու օջաքլարը»-ի (ազգայնական կազմակերպություն) «Ի՞նչ անենք, փողոցներում հայերի որսի դուրս գա՞նք» հայտարարությանն ավելի լավ բնութագրում կա՞, քան «Ժողովրդին ատելության և թշնամանքի դրդել»-ու նախադասությունը:
Հապա ինչպե՞ս է, որ մեր արդարադատության համակարգի աչքերը կույր են ու ականջները` խուլ այդ տեսակ ատելություն պարունակող հայտարարությունների համար:
Ահա ձեզ մեկ այլ տիպիկ ատելություն պարունակող խոսք Ադանայից: Ադանայի ԱՇԿ-ական (Ազգայնական շարժում կուսակցություն) քաղաքապետը, մեջլիս անցած հայ պատգամավորներին ակնարկելով, թվիթերում գրել էր. «Մանուկյանի՝ Ադանայում բնակվող զարմիկը երջանիկ է: Մորաքրոջ 3 որդիները մեջլիս են անցել»:
Հանրային, սոցիալական հարթակում նման բացահայտ կերպով այդքան ատելություն ու ռասիզմ պարունակող գրառումից հետո այդ քաղաքական գործչի հրաժարականը չպահանջելը, նրան հրապարակային լուրջ քննադատության չենթարկելը արդյո՞ք չի վկայում այն մասին, որ մենք, որպես հասարակություն, ինչքան վատթար վիճակում ենք:
Այս մտքերն էին պտտվում գլխումս, երբ տեսա «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» հայտարարությունը` ի պաշտպանություն հայ պատգամավորների: Դա ինձ համար աննշան, բայց այնուամենայնիվ մխիթարություն էր:
Նախաձեռնության հայտարարությունն առաջին հերթին դատախազության ուշադրությունն է հրավիրում ատելություն պարունակող նմանօրինակ խոսքերի վրա: Ինչպես նաև կոչ է անում այն կուսակցություններին, որոնց անդամն են հայ պատգամավորները, «տեր կանգնել իրենց պատգամավորներին» և համապատասխան օրենք ընդունելու համար գործի անցնել:
Հուսով եմ, որ այս խելամիտ կոչերն իրենց արձագանքը կգտնեն, և ատելության խոսքերի հեղինակները և ատելություն սերմանողները կգտնեն իրենց պատիժը…