Մենք Բաքու մեկնեցինք եւ վերադարձանք գլուխներս բարձր

Մենք հասանք մեր նպատակին. մեր գլխավոր նպատակն անվտանգ մասնակցությունն էր, բացման արարողությանը Հայաստանի դրոշը բարձր տանելը, Հայաստանի պետական դրոշը Բաքվում բարձրացնելը, մեդալ նվաճելը եւ պատվով վերդառնալը` ամփոփելով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը լրագրողների հետ զրույցում  ասել է Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, գրում է armradio-ն: Հայկական պատվիրակության հանդեպ միտումնավոր որեւէ քայլ չի տեսել նաև պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: Միայն հայտնել է, որ  Բաքվում բոլորի ուշադրության կենտրոնում  Հայաստանի պատվիրակությունն էր և ամենաշատը մեզ հետ էին ուզում հարցազրույցներ անել` անգամ ադրբեջանական լրատվամիջոցները:

Մենք Բաքու մեկնեցինք եւ վերադարձանք գլուխներս բարձր: Եվ այսօր  Բաքվի խաղերին մեր մասնակցության շնորհիվ մենք ունենք մեծ հեղինակություն և համախոհների մեծ բանակ, անդրադառնալով Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանի մասնակցությանը, այսօր նշեց Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Խոստովանելով, որ Բաքու գնալը հաճելի չէր պատվիրակության անդամներից և ոչ մեկի համար, պատվիրակության ղեկավարը, այնուամենայնիվ, նշեց, որ Հայաստանի մասնակցությունն այս խաղերին շատ կարևոր էր և նույնիսկ պատվի հարց էր:

Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտի մրցումներում էր, նկատեց Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով, որ մրցավարությունն ընդհանուր առմամբ բոլորի զայրույթն էր շարժում.  ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ մյուսների: «Խնդիրը  մրցաձևի գնահատման նոր մեխանզիմն էր, որն այդպես էլ անհասկանալի մնաց ինձ համար: Իսկ ընդհանրապես միտումնավոր որեւէ քայլ չենք տեսել մեր պատվիրակության հանդեպ»,- խոստովանեց պատվիրակության ղեկավարը:

Խաղերից անչափ տպավորված էր նաև հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: Նա նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը Բաքվում ուշադրության կենտրոնում էր և ամենաշատը մեզ հետ էին ուզում հարցազրույցներ անել՝ անգամ ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախաղեր-2015-ին 6 մարզաձևերում ներկայացրել էր 25 մարզիկ, որոնցից միայն հունահռոմեկան ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին հաջողվեց արծաթե մեդալ նվաճել: Արդյո։ք կանխատեսելի էր նման արդյունք, թե։ մեր պատվիրակությունը ավելիին էի սպասում, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ իհարկե ավելին էին ակնկալում, սակայն գլխավոր նպատակը մարզիկների անվտանգությունն էր և պատվով վերադառնալը:

Scroll Up