Թուրքիայում վերահրատարակվել է հայ արվեստագետի` գրաքննության ենթարկված գիրքը

Վենետիկյան 56-րդ մայիսյան բիենալեին Թուրքիայի տաղավարում ցուցադրվել էր ժամանակակից կոնցեպտուալ նկարչության վառ ներկայացուցիչ, ազգությամբ հայ Սարգիս Զաբունյանի՝ «Շունչ» խորագիրը կրող հավաքածուն: Այդ ցուցադրության համար հատուկ գիրք էր հրատարակվել՝ բաժանելու այցելուներին: Գիրք-կատալոգի բաժանումը, սակայն, վերջին պահին արգելվել էր քանի որ Ռաքել Դինքի հեղինակած նյութում նշված էր «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը:

ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի տեղեկացմամբ` գիրքն անցյալ շաբաթ առանց որևէ բովանդակային փոփոխության վերահրատարակվել է, սակայն արդեն առանց Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության լոգոտիպերի:

Թերթը հիշեցրել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ցուցադրությունը սկսելուց անմիջապես առաջ թուրք կազմակերպիչները հեռացրել էին գրքերը, սակայն Սարգիսը կատարվածին որպես ունկնդիր չի հետևել և գրքի 144 օրինակներն օգտագործելով առանձին կոմպոզիցիա է պատրաստել ու ներառել ցուցադրության մեջ:

Նույն տեքստերով հրատարակված գրքում ավելացել են ցուցադրությունից արված մի քանի նկարներ:

Scroll Up