«Վերածնունդ» հավաքածուի ցուցանմուշների ցուցադրությունը Թեհրանում

«Շադոյան» նորաձևության տունը ստեղծվել է 1999 թ.՝ սիրիահայ ձևավորող Գևորգ Շադոյանի կողմից: Այս ապրանքանիշի հավաքածուները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: Շադոյանը նորաձևության մեջ առաջիններից էր, ով կարողացել է հայկական տարազի ու ժամանակակից տարրերի ճիշտ համադրությամբ ստեղծել հային հոգեհարազատ յուրօրինակ մի ոճ, այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը:
«Շադոյան Ֆաշըն» նորաձեւության տան վերջին հավաքածուն` «Վերածնունդ»-ը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հ.Մ.Մ. «Նաիրի» միության Արվեստից բաժանմունքի նախաձեռնությամբ նորաձևության վերջին հավաքածոն Թեհրանում ցուցադրվել է հուլիսի 2-ի երեկոյան՝ նույն միության «Սուքերյան» սրահում: Ցուցադրվել է բացառիկ հավաքածու: Ծրագիրը սկսվել է «Շադոյան» նորաձեւության կենտրոնի աշխատանքների համառոտ բացատությամբ, տեղի է ունեցել նաև ասմունքի և պարային կատարումներ:
Ուղեգորգ դուրս եկած մոդելները հանրության ուշադրությանը հանձնել են ձևանմուշներ, ավելի ճիշտ տիպօրինակներ, որոնք իրենց զարդարվեստով, գեղարվեստական ճաշակով արտացոլում էին հայկական տարրերի նրբերանգները: Ցուցադրվել է բացառիկ հավաքածու, որը կազմված էր 24 կնոջ, յոթ տղամարդու և ութ մանկական հագուստների յուրօրինակ կոստյումներից և վերջում ցուցադրությունը եզրափակել է «Անմոռուկ»-ը պատկերող խորհրդանշական կնոջ ցուցանմուշը, որով Շադոյանը կարողացել էր արտացոլել Անմոռուկ խորհրդանիշը` որպես խորհուրդ: Նրա տարազներում ազգային տարրին հատուկ շատ խիստ ընդգծված ոճ և երանգ է եղել:
Գևորգ Շադոյանը շնորհակալական խոսքում բարձր է գնահատել հովանավորողների և համայնքի հետաքրքրությունը զուտ այս ցուցանմուշների առումով և հակիրճ ներկայացրել երկամյա համատեղ աշխատանքը, որը իրականացվել է տեղի մասնագետների օժանդակությամբ:
Միության նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Շադոյանին, նրա բարձրարվեստ աշխատանքը, հագեցած ազգային գուներանգներով, այստեղ ցուցադրելու համար` մինչ այդ շեշտելով 100-րդ տարելիցի համահայկական նշանակությունը և համալիր միջոցառումներում համազգային միասնությունը, ապա առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը հանձնել է նախատեսված հուշանվերները:
Նշենք նաև, որ այս ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները յուրաքանչյուրը իր ձևի մեջ յուրօրինակ էր, բայց սույն ցուցադրությունը իր տարազային տիպանմուշներով ազգային պայքարը ամբողջացրել է նաեւ ազգային դիմագծով:
hyeli.com
լուս.` Հատիս