Ֆրանսիայի վարչապետ. Պետք է պայքարել բոլոր նրանց դեմ, որոնք փորձում են ժխտել Ցեղասպանությունը

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հուլիսի 4-ին վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ. այս մասին, «Ֆրանս պրենս» գործակալության հղումով տեղեկացնում է «Nouvelles d’Arménie»-ն:
«Հայաստանը ցեղասպանության ենթարկված, դրա զոհ դարձած երկիր է: Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչել է այդ փաստը: Այժմ այն պետք է ամրագրել պատմության իրողության մեջ և պայքարել բոլոր նրանց դեմ, որոնք փորձում են ժխտել Ցեղասպանությունը»,- հայտարարել է Մանուել Վալսը:
Ֆրանսիան 2001թ. օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2012 թ. Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեց երկրի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայոց ցեղասպանության հրապարակային հերքման քրեականացման մասին օրենքը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հանդիպման ընթացքում երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: