Իսրայելի դեսպան. Խորհրդարանում մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Իսրայելում իրոք Հայոց ցեղասպանության հարցում վերաբերմունքի փոփոխություն է նկատվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը։

Հարցին, թե կարելի՞ է կարծել, որ Իսրայելի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ կան, հատկապես Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հայտարարությունից հետո, դեսպանը պատասխանեց, որ խորհրդարանում մեծամասնությունը կողմ է ճանաչմանը։

«Սակայն դա պետք է որոշի կառավարությունը, ոչ թե խորհրդարանը։ Այնպես որ հնարավոր է ապագայում ինչ-որ բան փոխվի»,- հայտարարեց դեսպանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ էր արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ հայերի սպանությունները «մարդկության վրա բարոյական բիծ» անվանելով։

Կնեսետում ելույթի ընթացքում Էդելշտեյնը հայտարարել էր, թե պատմությունը չի կարող փոփոխվել եւ Իսրայելի դիրքորոշումը «չափազանց անվճռական եւ չափազանց զուսպ» էր որակել։

Scroll Up