Թուրքերին մտահոգել է Կարսի պատմական հուշարձանների ոչնչացման մասին հայկական անդրադարձը

Օրեր առաջ Ermenihaber.am-ն անդրադարձել էր պատմական Հայաստանի Կարս քաղաքի հուշարձանների՝ ոչնչացման եզրին լինելու փաստին և այդ առթիվ իր մտահոգությունները հայտնած թուրք գրող Իսա Յըլմազի հայտարարությանը:

Թուրքական կողմի ուշադրությունից չի վրիպել հայկական լրատվամիջոցի կողմից այդ թեմային արված անդրադարձը: Մասնավորապես «Cihan» լրատվական գործակալությունը այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է գրող Յըլմազին:

«Կարսի պատմական կոթողների մեկ առ մեկ ոչնչանալու մասին Իսա Յըլմազի հայտարարությանն անդրադարձել է Երևանում տեղակայված «Ermenihaber» լրատվական գործակալությունը,- գրում է «Cihan»-ը,- Իսա Յըլմազն այս առթիվ նկատեց, թե շատ ցավալի է այն փաստը, որ Երևանն ավելի շատ է մտահոգվում Կարսի համար, քան Անկարան:  Ըստ Յըլմազի՝ ավերվող յուրաքանչյուր կառույցի հետ միասին պատմությունից մի քար է պոկվում: Խելամիտ չէ ոչնչացնել պատմությունը ինչ է թե վարձով բնակարաններ ապահովվեն քաղաք եկող համալսարանականների համար»:

«Cihan»-ից բացի թեմային անդրադարձել են նաև շուրջ մեկ տասնյակ թուրքական լրատվամիջոցներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պատմական Հայաստանի Կարս քաղաքում բնակվող թուրք գրող Իսա Յըլմազը, ընդգծելով, որ այս հինավուրց քաղաքն իր պատմությամբ կարող էր ինֆորմացիայի հարուստ աղբյուր լինել ֆիլմարտադրության և գրական ստեղծագործությունների համար՝ մտահոգություն էր հայտնել, որ առկա բարձիթողի վիճակի ու անտարբեր վերաբերմունքի պատճառով շատ շուտով Կարսի միակ պատմական հուշարձանը կարող է մնալ ընդամենը ու միայն Կարսի  բերդը:

Scroll Up