Կայացավ Զորի Բալայանի «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա նկարահանված վավերագրական Ֆիլմի պրեմիերան

Հունիսի 22-ին տեղի ունեցավ արձակագիր, բժիշկ, գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա նկարահանված վավերագրական Ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Արմենիա. «ծովից ծով»:
Ֆիլմի ռեժիսորն է Վահե Գևորգյանցը, սցենարի հեղինակը՝ Աննա Դերձակյանը, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին, օպերատորները`Սամվել Բաբասյանն ու Հայկ Բադալյանը:
Հիշեցնենք, որ «Արմենիա» առագաստանավը իր ընթացքը մեկնարկել է 2009թ. մայիսի 28-ին Միջերկրական ծովի ջրերից, Ջիբլարթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները` ավարտելով շուրջերկրյա ճանապարհորդությունը: Այսպիսով այն հատել է երեք օվկիանոս, հինգ մայրցամաք, բազմաթիվ քաղաքներ և կատարել իր առաքելությունը՝ հավաքել եկեղեցիների մասին տեղեկություններ, հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպել և ներկայացրել այս ֆիլմը:
Արշավախմբի ղեկավար Զորի Բալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ հայոց պատմության մեջ շուրջերկրյա ճամփորդություն է տեղի ունեցել: «Նավի երկու կողմերում Մեսրոպ Մաշտոցի 36 տառերն էին, ծաղկած խաչը, Արմենիա անվանումը: Այդպես պտտվել ենք աշխարհի շուրջ, և ոչ ինքնանպատակ: Ամեն ինչ արել ենք, որ հինգ մայրցամաքում հանդիպումներ ունենանք մեր հայրենակիցների հետ»,- ասաց նա:
Զորի Բալայանը պատմեց, որ իրենց համար ամենակարևորը Հորն հրվանդանն անցնելն էր: «Դա ամենաբարդ հատվածն է, և այդտեղ կարողացել ենք բարձրանալ ժայռի վրա, որտեղ մատուռ կաև և այդ մատուռում խաչ տեղադրել: Թողեցինք նաև գրություն՝ այդ խաչը նվիրվում է բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Այդ բոլորն արված է»,- ասաց նա:
Ֆիլմի ռեժիսոր Վահե Գևորգյանցն էլ նշեց, որ շատ դժվար էր ընտրությունը կատարել, թե որ դրվագը թողնել, որը ոչ: «Մենք մի տարի պատրաստում էինք ֆիլմը : Ուզում էինք շատ բան ներառել ֆիլմում, բայց հիմնական կատարվածը մենք ներառել ենք»,- նշեց նա: Նա ասաց, որ այս ֆիլմը միայն ճանապարհորդության մասին է, սակայն կարող է մոտավորապես հարյուր ֆիլմ լինել՝ եկեղեցիների, համայնքների կանանց, տղամարդկանց, երեխաների մասին, որոնց հետ զրույցները յուրահատուկ են:
Ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Դերձակյանը նշեց, որ Զորի Բալայանի գիրքը բազմապիսի ճակատագրերով հագեցած գիրք է և շատ դժվար էր կողմնորոշվելը՝ ինչը կարելի է թողնել, ինչը չթողնել ֆիլմում: «Բայց արշավի և ստեղծագործական խմբերը արեցին առավելագույնը՝ ֆիլմը հավուր պատշաճի հանդիսատեսին ներկայացնելու համար: Մեզ՝ հայերիս պատիվ բերվող գործ է արվել: Եվ ասում եմ ոչ թե նրա համար, որ ես այդ ճանապարհորդության անմիջական մասնակիցն եմ , այլ պարզապես ելնում եմ նրանից, որ հայության պատվի ու ոգու համար կարևոր բան է արվել»,- ասաց նա:
Նա հատկանշական համարեց, որ Հորն հրվանդանը անցնելը պատվի հարց են համարում ծովի մասնագետները: «Իսկ դա օվկիանոս դուրս եկած և օվկիանոսը սանձել փորձող հայերին հաջողվեց: Ամենաանբարենպաստ եղանակն է այդտեղ՝ քամի, և դրա համար էլ նավերը կործանվում են»,-ասաց նա:
Ֆիլմի ավարտից հետ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը լրագրողներ հետ կիսվեց իր տպավորություններով և ասաց, որ ֆիլմը շատ է հավանել: «Ինձ համար շատ հաճելի էր: Ես նավ չեմ նստում, վախենում եմ նավերից, շատ շնորհակալ եմ, որ իրենց օգնությամբ ճանապարհորդեցի տարբեր երկրներ»,- ասաց նա:
Առաջին տիկինը շատ էր հավանել նաև ֆիլմի երաժշտությունը: «Երաժշտությունը շատ սիրուն էր, նոր կատակում էինք, թե լավ կլիներ, որ տեխնիկան այնպիսին լիներ, որ մի քիչ էլ ծովի հոտ զգայինք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆիլմի կարևորությանը, նա ասաց, որ ինչպես ասում էր Հասմիկ Պողոսյանը՝ ֆիլմը ցույց էր տալիս, որ այդքան երկրներում հայերը գույն են տվել: «Մենք բոլոր պետություններում տեսնում ենք փոքր Հայաստան և ես շատ հպարտ եմ»,- հավելեց նա:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ևս հավաքական իմաստով ֆիլմը շատ դուր եկավ: «Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ մեզ համար ոչ մի սահման գոյություն չունի և կարող ենք մեզ թույլ տալ այն, ինչ գերհզոր երկրները: Մյուս կողմից էլ՝ որտեղ մենք հանգրվանում ենք, այնտեղ ստեղծում ենք մի փոքր Հայաստան՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ իր ինքնության բոլոր դրսևորումներով: Շատ հայրենասիրություն կար այս ֆիլմի մեջ, ամեն մի մանրուք հայրենասիրության մի խորհրդանիշ էր և թերևս ամենահոգեհարազատ հատվածը դա էր, այն ինչ որ շատ տեղերում երևի չգտա, սակայն այս ֆիլմում տեսա»,- ասաց նա:
Ֆիլմի երաժշտության հեղինակ Վահան Արծրունին ասաց, որ ճշմարիտ ազգային պաթոսը արտահայտել արվեստի լեզվով շատ ծանր խնդիր է: «Այդտեղ չափի զգացողությունն է կարևոր. դրամատիզմի, սցենարական բովանդակության զարգացման և երաժշտության շատ նուրբ կետեր կան, որոնք չի կարելի չափազանցնել և ուժգնությունը պետք է համահունչ լինի ընդհանուր սցենարին: Ես առաջին անգամ եմ ֆիլմը դիտում և առաջին տպավորությունը էմոցիոնալ է շատ, սակայն պետք է ասեմ, որ փայլուն լուծված ռեժիսորական մտածողության տեսակի հետ գործ ունենք, և ֆանտաստիկ գրագետ կերպով օգտագործված էր երաժշտությունը, ես շատ գոհ եմ»,- ասաց նա: