Վարդաձորի դպրոցն ունի 6 աշակերտ, 6-ն էլ՝ նույն ընտանիքից.լուսանկարներ

Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի դպրոցը պահում են դպրոցի 6 աշակերտները, որոնք բոլորն էլ նույն ընտանիքից են: Այս մասին գրում է  aparaj.am կայքը:

Դանիելյանների ընտանիքը գյուղի միակ բազմազավակ ընտանիքն է: Ամուսինները՝ Վեներան եւ Արան,  հպարտությամբ նշում են, որ իրենց երեխաները մեծ գործ են անում դպրոցի  համար, եթե երեխաները  դպրոցն ավարտեն, ապա հազիվ թե դպրոցը գոյատեւի, քանզի գյուղում շատ հազվադեպ են ծնունդներ լինում: Դպրոցի տնօրեն Անժելա Սավադյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ գալիք ուսումնական տարում կունենան մեկ նոր աշակերտ, հաջորդ տարի՝դարձյալ մեկը եւ դրանով կավարտվի սերնդափոխությունը: Դպրոցն 9-ամյա է, այն հանդիսանում է Ճանկաթաղի դպրոցի մասնաճյուղը: «Դպրոցը, հավանաբար, կփակեն,-ասում է տնօրենը եւ ցավով ավելացնում,-այն  կրում է Արցախյան պատերազմի առաջամարտիկ,  հրամանատար Նորայր Դանիելյանի անունը եւ ցավալի է, որ այն կդադարի որպես դպրոց գոյություն ունենալ, բացի այդ դպրոցն ունի 9 ուսուցիչ, ովքեր կզրկվեն աշխատանքից: Դրսում 20-ից ավելի աշակերտներ ունենք, ովքեր տեղափոխվել են Ճանկաթաղ, Հոռաթաղ, Մարտակերտ»:

 Դանիելյան ամուսիները մեզ հետ կիսվեցին նաեւ իրենց հոգսերով: Ամուսինները չեն աշխատում, կինը երեխաներին է խնամում, տան հոգսերով զբաղվում, իսկ ամուսինը ավտովթարի ենթարկվելուց հետո ունի առողջական խնդիրներ եւ ինչպես ինքն է ասում՝ դժվարանում է աշխատել:  Ապրում են երեխաներին տրամադրվող պետական 50.000 նպաստով: «Գյուղի խանութից պարտքով սննդամթերք ենք վերցնում, հետո, երբ նպաստը ստանում ենք, վերադարձնում ենք պարտքը: Պատահում է՝ չենք հասցնում ժամանակին վերդարձնել: Սննդամթերքի հոգսը մի կերպ հասցնելով՝ մնացած հոգսերը մնում են: Երեխանները դպրոցական են, նրանց հագուստ  ու  կոշիկ է պետք, նրանք էլ են ուզում լավ շոր ունենալ, կարգին կոշիկ հագնել, բայց մեր ուժերով չենք հասցնում: Եթե ինչ-որ մեկը օգնեց, օգնեց, եթե ոչ ՝ մենք էլ ենք ցավ զգում, որ չենք կարողանում երեխաների ցանկությունները կատարել »,- ասում է Վեներան:

 Երեխաները անչափ աշխատասեր են, անտառ են գնում, ցախ և ընկույզ հավաքում, գնորդ լինելու դեպքում՝ վաճառում :

 Հարցնում ենք՝  հողամաս չե՞ք մշակում, պատասխանում են, որ գյուղն ունի ջրի խնդիր: Մշտական ջուրը գյուղում բացակայում է, մեկ-երկու ժամով են միացնում: «Շատ կուզեի մեր տնամերձ հողը մշակել, բանջարանոց ստեղծել, հողից մի օգուտ ստանալ, բայց ջրի հարցը դժվար է: Եթե որևէ մեկի հովանավորությամբ կարողանայի ձեռք բերել 300 մետր երկարությամբ խողովակ, ապա հարցը մասամբ կլուծվեր, ջուր կքաշեինք եւ երեխաների հետ կաշխատեինք հողամասում»:

 Պետական հովանավորությամբ  նրանց համար բնակելի տուն է կառուցվել, սակայն, ինչպես ամուսիններն են ասում, խոնավության հոտից շնչահեղձ են լինում: Խոնավ ու բորբոսնած պատերի ներքո մեծացող երեխաները համարյա միշտ հիվանդ են լինում, դպրոցից հաճախ են բացակայում:

 «Ունենք մեկ կով եւ մեկ խոզ: Խոզը պահում ենք, որպեսզի Նոր տարուն մորթենք ու վաճառենք: Դա էլ մեծ օգուտ է մեզ համար»,-ասում է Վեներան:

 Աղջիկներից մեկը առողջական խնդիրներ ունի, ձեռքին ուռուցք է գոյացել , Վեներան ասում է, որ մեկ անգամ արդեն վիրահատել են, բայց ավելի է բարդացել: Զրույցի ժամանակ նա մեզ խնդրեց, որ եթե իմանանք, որ արտասահմանից համապատասխան բժիշկներ են եկել Ստեփանակերտ, իրեն տեղյակ պահենք, որպեսզի աղջկան բերի ստուգման:

 Ինչո՞վ եք զբաղվում՝ հարցնում ենք երեխաներին: «Միասին խաղում ենք, մայրիկին ենք օգնում, անտառ ենք գնում, միրգ ու  ցախ հավաքում»,  իսկ աղջիկներից մեկը՝ ամենաավագը, ասում է, որ շատ է ուզում ուսումը շարունակել: Հարցնում ենք՝ ի՞նչ ես ուզում դառնալ: Պատասխանում է.  «Ռազմական բժիշկ եմ ուզում դառնալ, որ զինվորներին բժշկեմ, ուզում եմ, որ ոչ մի զինվոր չհիվանդանա…»:

??s???

Scroll Up