Վարդգես Նալբանդյան. «Եթովպիայում համայնքային կյանք գրեթե չկա, բայց չենք հուսահատվում»

Պարոն Նալբանդյանը ոչ միայն Եթովպիայի հայ համայնքի ղեկավարն է, այլ նաև այնտեղ գործող Սուրբ Գևորգ եկեղեցու պատասխանատու սարկավագը:
Զրույցի ընթացքում նա ասաց, որ համայնքը սակավաթիվ է, այնտեղ ապրող հայերի թիվը հասնում է 100-ի, որոնց ճնշող մեծամասնությունը մեծահասակներն են կազմում, երիտասարդների պակասը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր երկրներ ուսանելու են գնացել:
«Այս պայմաններում համայնքային կյանք գրեթե չկա, բայց չենք հուսահատվում, միշտ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հայկական միջավայրը պահպանենք և մեզ Հայաստանին մոտ զգանք, ասեմ նաև, որ մեր ուրախությունն ու հպարտությունը մեծ էր, որ այս տարվա «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանը նույնպես ընդգրկվեց Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Եթովպիայի հայ համայնքը ևս անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ըստ արժանվույն իրականացնելուն: Ապրիլի 13-ին մեծ հանդիսավորությամբ համերգ է կազմակերպվել Հայաստանից հրավիրված «Արամ Խաչատրյան» քառյակի մասնակցությամբ: Համերգն իրենց ներկայությամբ պատվել են Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և բարձրաստիճան այլ անձիք:
«Համերգին որոշեցինք օտարազգի ներկայացուցիչների հրավիրել, որպեսզի նրանք ևս հաղորդակից լինեին Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներին, և հասանք մեր նպատակին. դեսպանն իր ելույթում խոսեց Հայոց ցեղասպանության մասին, ես նույնպես հանդես եկա բացման խոսքով, պետք է ասեմ, որ այնքա՜ն լավ անցավ ոգեկոչման ձեռնարկը, որ հյուրերը մոտենում էին մեզ և շնորհակալության խոսքեր հնչեցնում»,-ասաց պարոն Նալբանդյանը :
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին նաև Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների համար Սուրբ Գևորգ եկեղեցում հոգեհանգստի պաշտոն է մատուցվել, հնչել է 100 ղողանջը, որից հետո միասնաբար հետևել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող սրբադասման արարողությանը:
«Առհասարակ, միշտ ջանքեր ենք ներդնում, որպեսզի Եթովպիայում Հայաստանին օգտակար լինենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցում, դեսպանի հետ տարբեր քննարկումներ ենք կազմակերպում, ծրագրեր մշակում, նույնիսկ եթովպական եկեղեցին արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Վարդգես Նալբանդյանը:
Նշենք, որ Ադիս Աբեբայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունը, հայկական Ազգային վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, Եթովպիայի պետական լեզուն՝ ամհարերեն, անգլերեն, ֆրանսերեն: Դպրոցն ունի 220 աշակերտ, որից 11-ը՝ հայ:
Այժմ եթովպահայերի համար համայնքը մի ծրագիր է ձեռնարկում, որով Հայաստան երբեք չայցելած մեր հայրենակիցներին խմբով ուղարկելու են Հայրենիքը տեսնելու ճամփորդության, այդ ուղղությամբ են աշխատում:
Վերջում պարոն Նալբանդյանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության մասին հետևյալն ասաց. «Միշտ փորձում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ կապը պահպանել, արձագանքում ենք մեզ ուղարկված նամակներին: Օրինակ, երկու տարի առաջ մասնակցեցինք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված Իրավաբանների համաժողովին և դեռ ապագայում էլ կարծում եմ՝ համագործակցության եզրեր կգտնենք»:
Գևորգ Չիչյան