Դիարբեքիրի հայկական եկեղեցին արժանացել է «ԵՄ մշակութային ժառանգության» մրցանակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/St-Giragos-300x225.jpg)
Նախօրեին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոում կայացել է «Եվրամիության մշակութային ժառանգություն և Europa Nostra» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական «turkiyeturizm.com» կայքի հաղորդմամբ` մրցանակաբաշխության շրջանակներում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն շնորհվել է «Մեծ մրցանակ»:
Աղբյուրը նշում է, որ ժյուրիի անդամների այդ որոշման համար հիմնական դրդապատճառ է հանդիսացել կիսաավեր եկեղեցու վերականգնման գործում հայ համայնքի և տեղի բնակչության ու պաշտոնյաների համագործակցությունը, ինչը դիտվել է համերախության օրինակ:
Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել բազմաթիվ մշակութային նախագծեր, որոնց ուսումնասիրություններին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութային ժառանգության 600 մասնագետ և բազմաթիվ կամավորներ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել նաև Օսլոյի քաղաքապետն ու Նորվեգիայի բնապահպանության նախարարը:
Միջոցառմանն ընդհանուր առմամբ շնորհվել է 7 «Մեծ մրցանակ», որոնցից մեկը բաժին է հասել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն: