ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-իրանական քաղաքական խորհրդատվություններ

Հունիսի 11-ից 12-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հայ-իրանական հերթական քաղաքական խորհրդատվությունները: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանական կողմից` Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Խորհրդատվությունների օրակարգում էին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, էներգետիկ, առևտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերը: Մանրամասն անդրադարձ կատարվեց համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ընթացքին:
Խորհրդատվությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: