Թթի առաջին փառատոնը անակնկալներ է խոստանում Արցախ այցելողներին
Արցախում առաջին անգամ կազմակերպվող Թթի փառատոնը նոր լույսի ներքո կներկայացնի տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները, գրում է Artsakhpress-ը:
Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպվող փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում ներկայացվելու են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, բացի դրանից, ցուցադրվելու են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը։
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը պատմեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է այնպիսի վայր, որտեղ թութն ավենալավն է աճում, իսկ տարածքը հետաքրքիր է պատմամաշակութային առումով։ «Ամարասի վանքի շրջակայքում կան թթի այգիներ, որտեղ նախկինում աճեցվել են բոժոժներ, որոնք էլ ծառայել են մետաքսի ստացման համար։ Այս փառատոնի ընթացքում ընդգծվելու է նաև այդ փաստը, որ Մետաքսի մեծ ճանապարհն անցել է այստեղով»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով փառատոնի հետ կապված մյուս կարևոր հարցին՝ զբոսաշրջության խթանմանը, Նունե Մանուկյանը նշեց, որ առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում է ներքին զբոսաշրջիկների աճ, իսկ հետագայում, երբ փառատոնը կհանրահռչակվի, այն կարող է հետաքրքիր լինել նաև արտասահմանցիների համար։ «Մասնակիցների հոսքն ապահովելու համա մշակվել են փաթեթներ, որոնք բաժանվել են տուրօպերատորներին։ Դրանք առաջարկում են մեկ և երկու գիշերակացով արշավներ և մասնակցություն Թթի փառատոնին»,- հայտնեց նա։
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը ներկայացրեց նաև փառատոնի անցկացման մանրամասները՝ նշելով, որ փառատոնի տարածքում կազմակերպվելու է արվեստի և ձեռքի աշխատանքի տաղավար, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն տեսնելու վարպետորեն պատրաստված կտավներ, կավե ամանեղեն, հուշանվերներ, այլև ցանկության դեպքում կարող են գնել դրանք։ «Փառատոնի տարածքում կազմակերպվելու է նաև մետաքսի ցուցադրություն` ներկայացնելով թթենու տերևից մետաքս ստանալու ընթացքը և մետաքսի արտադրության հետ կապված հետաքրքիր ցուցանմուշներ։Կազմակերպվելու են ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ»,- հավելեց Մանուկյանը։
Թթի առաջին փառատոնն անցկացվելու է հունիսի 27-ին, Ամարաս վանքի հարակից տարածքում։ Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանոմ զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը: Փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը և «Արենի փառատոն» հիմնադրամը: