Ստամբուլում հարձակվել են հունական եկեղեցու վրա և հրկիզել դուռը

Ստամբուլի Քադըքոյ շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն հույն ուղղափառ եկեղեցու վրա  հարձակում է կատարվել:  Հույն ուղղափառ համայնքի եկեղեցական դպրոցների և գերազմանոցի հիմնադրամի ղեկավար պրոֆեսոր Յորգո Իսթեֆանոպոլուսը հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ բողոք են ներկայացրել հարձակում իրականացրած անձի դեմ, գրում է ermenihaber.am-ը:

Մանրամասներ ներկայացնելով հարձակման մասին՝ Իսթեֆանոպոլուսը հայտնել է, որ հարձակում իրականացնող անձը, «Ալլահ աքբար» գոռալով, ձեռքի վառելքիը լցրել է եկեղեցու դռանն ու այրել: Հարձակվողին բռնել են եկեղեցու դիմաց գտնվող մարդիկ: Իսթեֆանոպոլուսը տեղեկացրել է, որ ականատեսների պատմածների համաձայն, եղել է ևս մեկ անձ, որը սպասելիս է եղել հարձակվողին:

Հույն համայնքի ներկայացուցիչն այս հարցում քննադատության է ենթարկել քաղաքական գործիչներին:  Համայնքի ներկայացուցիչը նշել է, որ հասարակության մեջ պետք է խթանվի փոքրամասնությունների՝ հավասար քաղաքացիություն ունենալու գիտակցությունը, և այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում քաղաքական գործիչները:

«Երբ երկրի վարչապետը (նկատի ունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) հեռուստաեթերթով «Կներեք արտահայտությանս համար՝ հայ, կներեք՝ հույն» խոսքեր է հնչեցնում, իհարկե ժողովուրդն էլ այսպես կմտածի: Քըլըչդարօղլուն էլ (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար) դատի է տալիս իրեն հայ անվանողներին՝ վերջիների խոսքերը որակելով «կեղտոտ զրպարտանք: Քաղաքական կուսակցության առաջնորդները մեծ պատասխանատվություն են կրում»,- շեշտել է Իսթեֆանոպոլուսը:

Scroll Up