«Տեղահանությունից» փրկված հայ կանանց պատմությունները՝ մեկ գրքում

Օպերային երգչուհի ու գրող Անաիս Մ. Մարտինն իր վերջին գրքում՝ «Եվ ճանապարհ ընկան»-ում, վերադարձել է մանկություն, ըստ Tert.am-ի՝ գրում է Evrensel-ը:

Նա խոսել է մորական տատի արցունքների և այն մասին, որ տատի պատմած հեքիաթներում զգացել է ապրած ցավի հետքերը:

«Երբ փոքր երեխա էի, այդ լացակումած վիճակի վրա երբեմն զայրանում էի: Որտեղի՞ց կարող էի իմանալ, որ տատս պատահականության արդյունքում է ողջ մնացել»,-ասում է գրողն ու նշում, թե այդ պատահականությունն ինչ մեծ ողբերգության հետևանք է եղել:

Արշալույս տատից լսած պատմություններից բացի՝ Անաիս Մ. Մարտինը այլ պատմություններ էլ է գրի առել:

«100 տարին հետևում թողած Մեծ Եղեռնի պատմություններն ընթերցողին ներկայացնելու ժամանակն է: Այդ մասին պետք է գրվի, խոսվի»,-ասում է հեղինակը:

«Եվ ճանապարհ ընկան» գիրքը բաղկացած է 15 տարբեր պատմություններից: Իրական պատմությունների հիման վրա ստեղծված պատմություններում պատմողները հերոսներն են:

Գրքի վերնագիրը  բոլոր պատմությունների սկզբին է առնչվում՝ «ճանապարհ ընկնել» այն դեպքում, երբ ամեն ինչ նորմալ է, բոլորը բարեկամ են, ընկեր, սիրելի… Մի առավոտ ոստիկանները հայտնում են, որ հայերը ժամանակավոր պետք է տեղահանվեն: Նրանք ճանապարհ են ընկնում: Տները, պարտեզները, ամենալավ բարեկամներին, ընկերներին հետևում թողնելով՝ ճանապարհ են ընկնում:

«Այնքան շատ է «ճանապարհ ընկանք» արտահայտությունը… 1915-ի հուլիսի տապին ճանապարհ ընկանք: Այնքան տաք էր, արևը մեր գլխին էր հարվածում ու կարծես փորում էր մեր աչքերը: Ամիսները ջրի նման հոսեցին: Ոչ եկող կար, ոչ էլ որևէ լուր:

Մասնատված սերեր, ընտանիքներ, բարեկամներ… Երկար տարիներ ճանապարհին էին սպասում: Դեռ սպասողներ կան: Այդ ժամանակաշրջանում աքսորված հայ տղամարդկանց սպասող շատ կանայք են մահացել: Տեղահանությունից հետ վերադարձողները կամ հիվանդ էին, կամ էլ փորում «բեռ» ունեին»,- նշվում է գրքում։

Անաիս Մ. Մարտինի գրքում պատմողները կանայք են. տատիկը՝ Արշալույսը, կյանքը փրկելու համար Մալաթիայում ամուսնացած ու անունը Հայրիե դարձրած Հայկանուշը, որբանոցում մեծացած Գեղանուշը, «սազի բանաստեղծին» փնտրող Ազատը…

«Ցեղասպանության միջից եկած, ցավող դեմք ունեցող մի պատկեր: Իր ապրած մեծ ողբերգությունից հետո կյանքին կապող միակ բանն այլոց պատմելու ուժն իրենց մեջ գտնելն է…

Այս հողերի ամենահին ազգերից հայերի վերապրած ցավերը թեև որոշների կողմից ժխտվում են, սակայն այսքան տարվա սպասումներից հետո իրենց մեջ պատմելու ուժ են գտնում: Առերեսվելու շատ ճանապարհներ կան…

Հարյուր տարվա լռությունից հետո լսենք «տեղահանությունից փրկված» կանանց պատմությունները»,- գրված է գրքում։

Scroll Up