Մոնտեվիդեոյում հայկական փաստագրական ֆիլմ կցուցադրվի կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում հունիսի 21-ին կցուցադրվի «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը, գրում է Tert.am-ը:

Ինչպես հաղորդում է թատրոնի կայքը` Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր, դաշնակահար, մաեստրո Ալվարո Հակոբյանը և ջութակահար Մատիաս Կրասիունը ջութակի և դաշնամուրի համերգ կտան:

Միջոցառման ծրագրում`

– փաստագրական ֆիլմի ցուցադրություն (El Amanecer de los Veinte)

– երաժշտական կատարում (Ալվարո Հակոբյան` դաշնամուր, Մատիաս Կրասիուն` ջութակ)

– Նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար (Էդուարդ Բաղդասարյան, 1922-1987)

– Էլեգիա (Խաչատուր Ավետիսյան, 1926-1996)

– Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի նախագահ Հակոբ Տիգրանյանի ելույթը:

Հայոց ցեղասպանության ծրագիրն իրականացնելուց  առաջ` 1915-ի հունիսի 15-ին, Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացրին «Հնչակյան սոցիալ դեմոկրատական» կուսակցության 20 անդամի, որոնք կանխատեսում էին մոտալուտ բնաջնջումն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկում: Մահանալուց առաջ նրանցից մեկը` Մաթեոս Սարգսյանը, ով ավելի հայտնի է որպես Փարամազ, ասաց. «Դուք կարող եք կախել մեր մարմինները, բայց  ոչ երբեք մեր գաղափարները: Վաղը հորիզոնում  կնշմարվի ազատ և սոցիալիստական Հայաստանը»:

Scroll Up