«Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հունիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց  «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության պատվիրակությանը գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Ս. Սրապիոնյանը հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի ամրապնդմանը: Անդրադառնալով «Իրան-Հայաստան բարեկամության օրեր» ծրագրի շրջանակներում Ս. Թադեի վանք ուխտագնացության կազմակերպման հարցերին՝ Ս. Սրապիոնյանը նշեց, որ ուխտագնացությանը կմասնակցի նաև «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունը: Նախարարի տեղակալը հավելեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը կապ է հաստատել Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր ծ. վրդ. Չիֆթչյանի և Ս. Թադեի վանքի առաջնորդի հետ, որի արդյունքում ծրագրի իրականացման շուրջ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դամավանդին նշեց, որ տարիների ընթացքում ավելացել է Ս. Թադեի վանք ուխտագնացության մասնակիցների թիվը, ինչը շատ կարևոր է:

 Հյուրերը անդրադարձան նաև «Թավրիզահայության մշակույթի օրեր» նախատեսվող միջոցառման ծրագրին և Սփյուռքի նախարարության հետ համագործակցության հարցերին:

Scroll Up