ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանին և նրա դստերը՝ Գայանե-Էլիզ Նալբանդյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Etwvpia.jpg)
Հունիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանին և նրա դստերը՝ Էլիզ Նալբանդյանին:
Ողջունելով հյուրերին, նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնեց, որ հայության հնագույն համայնքներից մեկը՝ Եթովպիայի համայնքը, շարունակում է իր կենսունակությունը՝ պահպանելով նաև հայկական դիմագիծը:
Ներկայացնելով ներկայիս եթովպահայ համայքը՝ Վարդգես Նալբանդյանը տեղեկացրեց, որ այնտեղ ապրում է շուրջ 100 հայ՝ հիմնականում Ադիս-Աբեբայում: Համայնքը կուսակցականացված չէ, և առավելապես միավորված է հոգևոր և մշակութային գետնի վրա: Հայերը հիմնականում զբաղվում են առևտրական գործերով և փորձում են պահպանել երբեմնի ազդեցիկ համայնքի ավանդույթները: Գայանե-Էլիզ Նալբանդյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և 2013 թ. մասնակցել է Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համահայկական համաժողովին, նախարարին տեղեկացրեց, որ ամեն ինչ անում է իր մասնագիտությունը հայ դատին ծառայեցնելու համար:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության գործունեությանը և ծրագրերին՝ հորդորելով գտնել հնարավորություններ, մասնավորապես եթովպահայ երիտասարդ սերնդին մասնակից դարձնելու հայապահպանությանը միտված նախարարության ծրագրերին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին եթովպահայ համայնքի աշխուժացման, Հայաստանի հետ կապերի զարգացման, հայոց լեզվի պահպանման և այլ հարցեր: