Հրաչյա Պողոսյան. «Երբեք չկտրվելով սեփական արմատներից՝ ես հասկանում եմ, որ այսպես ապրեցնում եմ իմ զավակներին»

Հրաչյա Պողոսյանը զինվորական է, պահեստի մայոր: Ծնվել է Հոկտեմբերյանում(Արմավիր), 1970 թվականին, ապա իր մանկությունն ու պատանեկությունն ապրել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թվականին ավարտել է Երևանի՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը: 1992 թվականին ավարտել է ՌԴ Չելյաբինսկի ավտոմոբիլային ճարտարագիտության բարձրագույն ռազմական ուսումնարանը: 1999 թվականից անցել է պահեստազոր: Ստացել է արդարադատության բարձրագույն կրթություն Սանկտ Պետերբորգում… Հետագայում ներգրավվել է ազգային կերակուրների արտադրության, հանրային շինարարության և վերականգնողական աշխատանքներում՝ գլխավորելով ՌԴ-ում հայտնի մի շարք ընկերություններ…
Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Հրաչյա Պողոսյանի հետ.
– Պարո´ն Պողոսյան, մինչև Ձեզ հետ հանդիպելը, ես ծանոթացա Ձեր կենսագրությանը, գործունեությանը, կարդացի նյութեր այն բազմաթիվ պարգևների մասին, որոնք դուք ստացել եք հատկապես Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում իրականացրած ձեր գործունեության համար… Զարմանքով և ուրախությամբ արձանագրեցի, որ այդ քաղաքում և Լենինգրադի մարզում ձեզ ընդունում են որպես հարազատի, մի մարդու, ում կարիքը բոլորն են զգում…
– Ես արդեն երկար ժամանակ ապրում եմ Սանկտ Պետերբուրգում, այստեղ եմ ծավալել իմ հիմնական գործունեությունը: Քաղաքը չեմ ընտրել սոսկ իր բիզնես հետաքրքրություններով, քանի որ առավելապես հետաքրքրվել եմ նրա պատմական զքարգացումներով, նկարագրով: Ավելին, Սանկտ Պետերբուրգն ինձ համար հարազատ է եղել իր «հայկական ներկայությամբ»: Մինչև այստեղ բնակություն հաստատելն էլ գիտեի, ծանոթ էի այն ներդրումներին, որոնք ունեցել են մեր հայրենակիցները քաղաքի մշակութային, ռազմական, կրթական և հոգևոր ոլորտներում: Իմ պատկերացումներում ձևավորվել էր հայկական Պիտերը, ուստի ես առաջին իսկ պահից ինձ հարազատ ու օտար չզգացի… Նախ, որպես սրտիս պարտք, ամրագրեցի ինձ համար մի պատգամ ու կոչ, որ եթե ապրում եմ այս քաղաքում, աշխատում այստեղ, ապա նրա կյանքում պիտի իմաստավորեմ իր գոյությունը: Չլինել հայեցող լոկ, այլ ամեն ինչ անել, որպեսզի Սանկտ Պետերբուրգում խորանա հայկական հետքը, տարբեր նախաձեռնություններով իմաստավորվի մեզանից ամեն մեկի գոյությունն այստեղ:
–Եվ հավանաբար հենց այդ գիտակցումն էլ ձեզ առաջնորդեց մի շարք նախաձեռնությունների մտահղացումին և ծննդին: Իսկ նման նախաձեռնությունները քիչ չեն: Ես տեղեկացա, որ Սինյավյան բարձունքում տեղադրել ենք մեր հնամենի խաչքարը, որն էլ դարձել է ձեր կարևոր մտահղացումներից մեկը:
– Ցանկացած քաղաքում, որտեղ ապրում ենք մենք, պիտի ներկայացնենք հայկականության գլխավոր խորհրդանիշները: Սա ինձ համար համոզմունք է: Իսկ ի՞նչ կարելի էր ներկայացնել որպես խորհրանիշ, եթե ոչ խաչքարը: Նախ ասեմ, որ ես իմ էությամբ միշտ էլ առանձնակի վերաբերմունք ունեմ հոգևոր արժեքների և հոգևոր խորհրդանիշների հանդեպ: Կրոնականությունը միայն ձևն է, մինչդեռ հոգևորը շատ ավելի լայն է, անպարփակ: Այն մարդու մեջ ձևավորում է մղումը դեպի տիեզերականը, վեհը՝ միաժամանակ անխախտ պահելով կապն ազգայինի, սեփական արմատների հետ: Խաչքարն ինձ համար մեր ժողովրդի տառապանքի, ցավի և նաև տոկունության կարևոր խորհրդանիշներից մեկն է, այդ պատճառով էլ որոշեցի Սինյավյան բարձունքում տեղադրել այն՝ որպես հարգանք ու խոնարհում Հայրենական պատերազմում ընկածների հիշատակի… Կարելի էր ճարտարապետական ուրիշ մտահղացմամբ հավերժացնել ընկածների հիշատակը, բայց ինձ համար առավել նվիրականը հենց խաչքարն էր, որը նաև այստեղ հայության ներկայության վկայությունը դարձավ: Հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց եղբայրական ծառուղուն… Ասեմ, որ սա իմ առաջին տեղադրած խաչքարն էր Սանկտ Պետերբուրգում, որին հաջորդեցին ևս չորս խաչքար: Զուսպ, ոչ մեծ ծավալի այս խաչքարերը ամփոփում են իրենց մեջ մեծագույն խորհուրդ և բովանդակություն, ներկայացնում միջնադարյան վարպետների ձևավորած ավանդույթները՝ այսպես հարստացնելով Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական բազմագույն դեմքը:
–Դուք 2012-ին մի խաչքար էլ տեղադրեցիք Լենինգրադի պաշտպանության ժամանակ ընկածների հիշատակին:
– Սանկտ Պետերբուրգն աշխարհի այն բացառիկ քաղաքներից է, որը ցույց տվեց հերոսության փայլուն օրինակներ: Պաշարման դժվարին տարիներին լենինգրադցիները կարողացան ոչ միայն դիմանալ ու դիմակայել, այլև պաշտպանել քաղաքը, որը համաշխարհային մշակույթի կարևոր հանգրվաններից է: Իբրև նախկին զինվորական և մի մարդ, որը հիմա էլ չի հեռանում զինվորականությունից՝ ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում կռվել ու պայքարել մի քաղաքի համար, որը գրեթե զրկված էր կենսապահովման երակներից… Ուստի անտարբեր չէի կարող անցնել ընկածների հիշատակի կողքով… Գիտեք, ընկածներին, երեկվա համար պայքարողներին հիշելը դառնում է պահանջ ու պարտականություն, որովհետև մեզանից ամեն մեկի կենսագրության մեջ էլ կան մարդիկ, ովքեր իրենց մասնակցությունն են բերել Մեծ հայրենականին, ովքեր պաշտպանել են երկիրը: Հարգելով ընկածներին՝ մենք հարգում ենք մեր հիշողությունը, մեր երեկը և նաև ամեն մի հուշարձան դարձնում զգուշացում: Ես այս սկզբունքով եմ միշտ առաջնորդվել: Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազամաճակատային գծում: Իմ տեղադրած խաչքարը նաև խնկարկումն է Լենինգրադը պաշտպանած մեր հայրենակիցներին:
– Պարո´ն Պողոսյան, եթե հիշատակենք հատկապես հուշարձանները, որոնք Դուք կառուցել եք մարտական փառքի ճանապարհով անցածներին, ապա դրանց թիվը շատ մեծ կլինի: 2011-ին ձեր կառուցած «Ուղղափառ խաչը» նվիրվեց պաշարման ճեղքումն իրականացրածների հիշատակին, նրա բացմանը ներկա գտնվեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որն էլ իր առանձնակի շնորհակալությունը հայտնեց Ձեզ…
– Սանկտ Պետերբուրգի պատմության կարևորագույն հատվածներից մեկն է պաշարման ճեղքումը: Դա Հայրենական պատերազմի պատմության փառահեղ դրվագներից մեկն է: Այս փաստի կողքով էլ ես չէի կարող անտարբեր անցնել, որովհետև ինձ համար հիշողությունը նաև ներկա է: Երբ Սանկտ Պետերբուրգում նման հուշարձան է կանգնեցվում հայի կողմից, կրկնակի մեծանում է նրա արժեքը, որովհետև սա ապացույցն է այն բանի, որ մենք ընդամենը բնակիչներ չենք այդ քաղաքում: Մենք նաև նրա պատմության ու ներկայի կրողն ենք: Սա ինձ համար չափազանց կարևոր է, քանզի չի կարելի որևէ տեղ ապրել հյուրի կարգավիճակով և հոգեբանությամբ: Նարիշկինի՝ ինձ հայտնած շնորհակալությունը ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև սա արդեն ապացուցում է, որ Ռուսաստանում ապրող շատ հայերիս չեն ընդունում սոսկ որպես բարեգործների, դրսից եկած մարդկանց, այլ որպես այդ երկրի քաղաքացիների, որոնք հաստատում են իրենց ազգային ներկայությունը, տեսակը, մտածողությունը, ովքեր ամենուրեք ձևավորում են նաև հայկականը՝ այսպես միավորվելով այդ երկրի պատմությանն ու նրա ժողովրդին: Իմ կարծիքով, սա է մեզ պետք, այսպես կարող ենք ձևավորել վերաբերմունք մեր հանդեպ: Իմ բոլոր նախաձեռնություններին սատարել են Ռուս Ուղղափառ Եկեղեցու հայրերը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի մետրոպոլիտ Վլադիմիրը, Գատչինայի եպիսկոպոս Ամվրոսիմը, ուրիշներ: Այսպես նաև յուրովի ամրապնդվում է կապը մեր երկու Եկեղեցիների միջև: Ես հաճախ եմ իմ ձեռքը պարզում Ուղղափառ ռուս եկեղեցուն, հանդես գալիս տարբեր բարեգործություններով: Այսինքն՝ նպատակս մեկն է՝ նպաստել նաև քույր Եկեղեցիների միջև ձևավորված երկխոսությանը: Եկեղեցին միայն հոգևոր հայրերը չեն, մենք բոլորս ենք, իսկ Եկեղեցու միջոցով մենք կարող ենք հասնել եղբայրական փոխըմբռնումի:
– Սանկտ Պետերբուրգում դուք ավելի շատ ձեր ուշադրությունը սևեռում եք, ինչպես ասում են, հայկական հետքի խորացմանը. գիտեմ, որ վերականգնել ենք գեներալ–լեյտենանտ Մադաթովի գերեզմանաքարը, մեծ աջակցություն եք ցուցաբերել Սանկ–Պետերբուրգի հայկական եկեղեցուն…
– Ես սիրով համագործակցում եմ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի հետ՝ բնականաբար, իմ շատ նախաձեռնությունների աջակից ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Սանկտ Պետերբուրգում հայկական հուշարձանները քիչ չեն, սակայն ոչ միշտ է հնարավոր եղել զբաղվել նրանց պահպանության հարցերով: Գիտեք, ես քիչ եմ մասնակցում հայկական համայնքի մշակութային միջոցառումներին, սակայն առավելապես սևեռված եմ հենց հուշարձանների, տաճարների, հանրային նշանակության կառույցների վերականգնմանը: Դրանք ինձ համար կարևոր են, որովհետև մնայուն արժեքներ են: Առհասարակ, այսօր ամենուրեք նկատվում է հեռացում հոգևորից, այն ամենից, ինչը պատմության ու ներկայի խաչմերուկն է: Մինչդեռ ցանկացած դաստիարակություն, հայապահպանության ցանկացած խնդիր լուծվում է նաև այդ արժեքների միջոցով: Երբ Սանկտ Պետերբուրգում ապրող հայն այցելում է եկեղեցի, հուշահամալիրներ և տեսնում իր հայրենակցի կողմից վերականգնվածը, նրա մեջ ավելի է խորանում սերն իր հայրենիքի, իր լեզվի հանդեպ, նա հասկանում է, որ ռուսաստանյան քաղաքում հայության ներկայությունը նպատակամղված է ազգային ինքնության պահպանմանը ևս: Երբ ՀՀ նախագահի կողմից կազմակերպվում են բարեգործական ճաշկերույթներ, որոնց ընթացքում գումարներ են հավաքագրվում, ես չափազանց ուրախանում եմ: Սա նշանակում է, որ Ռուսաստանում մեծանում է հայության կշիռը, ներկայությունը: Մարդիկ տեսնում են, որ Հայաստանի նախագահը կարևորում է իր հայրենակիցներին, նրանց հետ քննարկում երկրի համար կարևոր հարցեր, ուրեմն՝ Սփյուռքը ներկայացված է իր երկրում, նաև՝ Ռուսաստանում: Երբ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում էր, նա քայլեց քաղաքի փողոցներով, հանդիպումներ ունեցավ հենց փողոցում: Սա առանձնակի հպարտություն հաղորդեց, ռուսները տեղեկացան, որ Հայաստանի առաջնորդն իր հայրենակիցների հետ է: Ես չափազանց կարևորում եմ նման քայլերը, նաև այսպես համոզվում, որ ամեն մի այց մեծացնում է սերը Հայաստանի հանդեպ:
– Դուք երբեք չեք մոռանում նաև Հայաստանը, ձեր Ագարակը: Այս գյուղում կառուցել եք Սուրբ Աստվածածին եկեղեցին, Էջմիածնում տեղադրել եք խաչքար, որն օծել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, ամեն տարի մեր երջանկահիշատակ կաթողիկոսների գերեզմանաքարերին ծաղկեպսակներ եք դնում… Հատկապես Ագարակի եկեղեցին լուրջ ներդրում է…
– Իմ հայրենի գյուղի եկեղեցու կառուցումն իր նախապատմությունն ունի: Ես այդ մասին հաճախ եմ խոսել: Դա իմ հավատո հանգանակն է, իմ նվիրումն է իմ գյուղին: Ես այդ եկեղեցին կառուցեցի նաև իմ տոհմի բոլոր հեռացածների հիշատակին: Եկեղեցի կառուցելը ևս պատարագ է, զոհաբերություն: Չի կարելի հենց այնպես ինչ-որ տաճար կառուցել՝ միայն ու միայն մի նոր շինություն ունենալու նպատակով: Ես իմ ողջ զգացողությունն եմ դրել այդ եկեղեցու քարերի մեջ՝ համոզված, որ այն կնպաստի ոչ միայն հավատի խորացմանը, կդառնա հոգևոր ինքնամաքրման կենտրոն, այլև արմատների ներկայության մի նոր վկայություն: Երբեք չկտրվելով սեփական արմատներից՝ ես հասկանում եմ, որ այսպես ապրեցնում եմ իմ զավակներին: Իմ երեխաները կապված են Հայաստանին, նրանք չեն հեռացել մեր երկրից, իսկ այս եկեղեցին ավելի է խորացնում նրանց կապը Հայաստանի հետ, պարտադրում միշտ հիշել, որ ունենք հայրենիք ու լեզու: Սանկտ Պետերբուրգում ես վերականգնեցի Սպիրիդոնովների տոհմական դամբարանը՝ այսպես նաև իմ շնորհակալությունը հայտնելով Պետրոս Մեծին, այն ռուս նշանավոր ընտանիքներին, ովքեր նպաստեցին հյուսիսային մայրաքաղաքում հայերի ներկայությանը: Հայաստանում ևս պետք է մշտապես ամրապնդենք մեր ներկայությունը՝ մեր տաճարներով, վանքերով, խաչքարերով, լուսավոր կառույցներով: Չի կարելի ապրել արմատներից ու ազգային արժեքներից կտրված՝ ապավինելով տարերային հասկացություններին: Երկրի տիրոջ, երկրի բնակչի գաղափարը նաև այսպես է ամրապնդվում: Ի դեպ, ես միշտ շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության գործունեությունը, որը դրսում իրականացնող իր ծրագրերը չի տարանջատում եկեղեցուց, դպրոցից: Հայ լինելու վստահությունը նաև եկեղեցու մեջ է…
– Պարո´ն Պողոսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զրույցի համար, մաղթել Ձեզ նոր հաջողություններ և հավատալ, որ Ձեր ձևավորած քայլերը օգնող ու վարակիչ կլինեն նաև շատերի համար:
– Շնորհակալությու´ն:
Հետգրություն. Հրաչյա Պողոսյանի գործունեությունը դժվար էր ամփոփել այս փոքր հարցազրույցում: Ուստի առաջիկայում անպայմանորեն մենք կանդրադառնանք նրա գործունեության մյուս ոլորտներին՝ այս անգամ արդեն դիմանկարային ակնարկի տեսքով:
Զրուցեց Լևոն Մութաֆյանը