Հայաստանը կշարունակի աջակցել սիրիահայերին. Նալբանդյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Nalbandyan-300x225.jpg)
Հայաստանի իշխանությունները արել եւ շարունակում են անել ամեն բան՝ սիրիահայերին աջակցելու համար: Այս մասին, ըստ NEWS.am-ի, այսօր՝ հունիսի 3-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով վերջերս իր՝ Սիրիա այցելության մասին հարցին, Նալբանդյանը նշել է, որ այդ այցի ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայի հայերի անվտանգության հարցը: «Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ փորձում ելք գտնել սիրիահայերի անվտանգության ապահովման տեսանկյունից: Իմ այցն ուղղված էր գործընթացներին ծանոթանալուն»,-տեղեկացրել է Նալբանդյանը:
Հայաստանի ԱԳ նախարարի համոզմամբ, ճգնաժամը կարելի է լուծել ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, քաղաքական ուժերի միջեւ երկխոսության, փոքրամասնությունների, այդ թվում հայերի, իրավունքները հարգելու, ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղելու ճանապարհով:
«Դուք գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր կան: ՀՀ ղեկավարությունը անում եւ անելու է ամեն բան մեր սիրիահայ եղբայրներին աջակցելու համար»,- նշեց է նախարարը՝ հավելելով, որ շատ կարեւոր էր հանդիպել տեղի հայ համայնքի հետ, քննարկել նրանց խնդիրները, կրկին ընդգծել, որ Հայաստանն աջակցում է իրենց: