Հայաստանի Հանրապետության 97-ամյակը մեծ շուքով նշվեց Նոր Ջուղայում

Հինգշաբթի` մայիսի 28-ի երեկոյան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «արարատե միության կենտրոնատեղիում մեծ շուքով նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության 97-ամյակը:
Երեկոն սկսվեց հանդիսավարուհի Սոսե Պողոսյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերով, որից հետո Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության սկաուտական միավորի միջոցով կատարվեց դրոշակի արարողությունը, ապա Իրանի իսլ. Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո հնչեց երկու երկրների պետական հիմները:
Հաջորդիվ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն արքեպիսկոպոս Չարյանի նախագահությամբ եւ հոգևորականաց դասի ու Արմեն Ամիրխանյանի ղեկավարությամբ աշխատող` Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ Հանրապետական մաղթանք: Այնուհետև ՀՀ պետական դրոշի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր` Արամ Մանուկյանի մեծադիր պատկերի առջև կատարվեց հանդիսավոր շքերթ` մասնակցությամբ թեմի ազգային իշխանության և ազգային այլ մարմինների ներկայացուցիչների, շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Հայոց ազգային դպրոցների աշակերտության ու ուսուցչական կազմերի և համայնքում գործող միությունների ու ենթամարմինների ներկայացուցիչների, որոնց ընդունեցին Թեմակալ առաջնորդը, թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական և Կրոնական խորհուրդների ատենապետները եւ շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը:
ՀՀ հիմնադրման 97-ամյակի նշման Նոր Ջուղայի հանձնախմբի խոսքն ընթերցեց Մարգարիտ Դավթյանը և «Ռուբեն» երիտասարդական միության խոսքը Նինելիա Աբրահամյանը , որից հետո բանախոսությամբ ելույթ ունեցավ, ազգային հասարական վաստակավոր գործիչ Սոնիկ Բաղումյանը:
Պաշտոնական բաժնի ավարտը հանդիսացավ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգեն արք. Չարյանի հայրական պատգամը: Գեղարվեստական բաժնում, ազգային-հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ Հայաստանից ժամանած վաստակավոր երգչուհի Լեյլա Սարիբեգյանը: Ընթացքում երգերի և պարային համարներով ելույթ ունեցան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի մեներգիչները, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության Մշակութային միավորի Էստրադային խմբի անդամուհիներն և «Կռունկ» պարախումբը: Տոնախմբությունը եզրափակվեց հրավառությամբ:
Երանուշ Թահմազյան
Իրան-նոր Ջուղա
Լուսանկարները՝ Գևիկ Խաչատրյանի