Ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին շնորհվել է Սեւանի պատվավոր քաղաքացու կոչում

Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունը հովանավորելու համար ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանն արժանացել է Սեւանի պատվավոր քաղաքացու կոչման:

Նրա բարերարությունը հավուր պատշաճի է գնահատել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը` նրան պարգեւատրելով «Սուրբ Մեսրոպ» մեդալով: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, եկեղեցական կոչումով սարկավագ Սարգիս Բեդոյանը ցեղասպանությունից փրկված հայ մարդկանց ժառանգը լինելով` ցանկացել է հայրենիքում եկեղեցի կառուցել` ի հիշատակ իր ծնողների, եւ վայրն էլ 2007 թվականին ընտրել է Սեւանը: Այդ ժամանակից էլ եկեղեցի կառուցելու բարեսիրական նախաձեռնությունը ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը եւ դարձել կառուցման պատվիրատուն: Ընտրվել է նաեւ տարածքը, որը եկեղեցուն նվիրաբերել է այդ տարածքի սեփականատեր, Սեւան համայնքի ավագանու անդամ Կամո Ավագյանը` աստվածահաճո այդ ձեռնարկը իրողություն դարձնելու համար:

2009 թվականի աշնանը Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ Սևանում կատարվել է կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն, իսկ բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 31-­ին: Եկեղեցու բացմանը նախորդել էր Դռանբացեքի արարողակարգը: Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պետական այրեր եւ հոգեւորականներ, ֆրանսիացիներ եւ ֆրանսահայեր: Եկեղեցին բացվեց եւ օծվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի: Բարձր գնահատելով ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանի ազգանվեր եւ աստվածահաճո ձեռնարկը՝ Գարեգին Բ կաթողիկոսը նրան շնորհեց «Ս. Մաշտոց» մեդալ, իսկ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին` «Ս. Ներսես Շնորհալի» մեդալ` իրականացված աշխատանքներին օժանդակելու եւ կազմակերպչական աշխատանքները լավագույնս կատարելու համար:

Ելույթով հանդես է եկել բարերար Սարգիս Բեդոյանը: Նա ուրախությամբ փաստել է, որ իր տարիների երազանքն այսօր հառնել է Սեւան քաղաքում եկեղեցու տեսքով, եւ իր ուխտը կատարված է: Սեւանցի աշակերտների ֆրանսերեն լեզվով շնորհակալական խոսքերը, «Սեւան» ժողովրդական պարերի համույթի կատարումներն ամբողջացրել են օրվա խորհուրդը: Սեւանցիները մասնակցեցել են նաեւ պատարագի արարողակարգին, որին հաջորդել է մոմավառությունը: Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու ճարտարապետն ու հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Scroll Up