Հայոց ցեղասպանությունը ճանաչած բրազիլացի ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի թուրքական Գալաթասարայ

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական (կատալոնական) Բարսելոնայի աջ պաշտպան Դանի Ալվեսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբ:

ermenihaber.am-ը գրում է, որ թուրքական «tarafsizbolge»-ը լրատվական կայքը, հղում անելով իսպանական լրատվամիջոցներին, նշում է, որ Գալաթասարայի ներկայացուցիչներից մեկը, հանդիպելով Ալվեսի գործակալների հետ, բանակցել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մանրամասների շուրջ: Նշվում է, որ Ալվեսը Գալաթասարայում կստանա 4-4.5մլն եվրո աշխատավարձ:

Գործակալն ընդգծել է նաև, որ վերջնական որոշումը Ալվեսը կկայացնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից հետո միայն, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Բարսելոնայի հետ կնքած իր պայմանագիրը:

Նշենք, որ հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Բարսելոնան կմրցի իտալական Յուվենտուսի հետ:

Հավելենք, որ Դանի Ալվեսն ապրիլի 24-ին  լուսանկար էր հրապարակել, որտեղ նա իր ձեռքում «Ճանաչեʹք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ ցուցանակ էր պահել: Սակայն որոշ ժամանակ անց Ալվեսը ֆեյսբուքյան իր էջում ներողություն էր խնդրել թուրք երկրպագուներից ապրիլի 24-ին արված իր լուսանկարի համար:

«Ուզում եմ միլիոն անգամ ներողություն խնդրել իմ թուրք երկրպագուներից, ես երբեք չէի մտածի, որ այդ լուսանկարը ձեզ ցավ կպատճառի»:

Scroll Up