Համահայկական խաղերը՝ նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ,  որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական  խաղերի ընթացքում: Հանդիպմանը  մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար  Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները:

Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է:  Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ  և օդանավակայանում ու  խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում:  Կամավորներն   կաշխատեն   նաև խաղերի  բացման տոնակատարության ժամանակ: Նրանք մասնակից քաղաքների անվանումները  կրող ցուցանակներով   կառաջնորդեն  շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:

Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից  են և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն:

Scroll Up