ՀՀ արտգործնախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Ասադի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, որից հետո մեկնարկել է Սիրիայի և ՀՀ արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, գրում է Արցախպրեսը, ասուլիսի ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը նշել է, որ ՀՀ արտգործնախարարն արդյունավետ և կառուցողական քննարկումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: «Բացի այդ քննարկումներ ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում տարբեր հարցերի և երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների շուրջ»,- նշել է նախարարը:

Մուալլեմը նաև ասել է, որ իրենք նույնանման տեսակետներ են արտահայտել քննարկված հարցերի, երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: «Եթե միջազգային հանրությունը պատժեր ոճրագործներին, ովքեր նախորդ դարում իրականացրել են հանցագործություններ հայերի հանդեպ, այսօր Թուրքիայի նրանց ժառանգները չէին համարձակվի հանցագործություններ իրականացնել իրենց գործիքների միջոցով Սիրիայում»,- նշել է ալ Մուալլեմը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել  Սիրիայում շարունակվող բախումների վերաբերյալ:

Scroll Up