«Մայքրոսոֆթը» գալիս է Հայաստան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի եւ Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը:
Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետեւյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի եւ այլ նախաձեռնությունների իրականացում:
Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը: