Հայ արվեստագետները մշակույթի լեզվով գերմանացի արվեստասերներին պատմեցին Հայոց ցեղասպանության մասին

Հայ նկարիչ Տիգրան Կիրակոսյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը գերմանական Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի արվեստասեր հասարակայնությանը ներկայացրեցին հայ մշակույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմադրամի ղեկավարՍոնա Հովհաննիսյանը:

«Մի երկրում, որտեղ Հայոց ցեղասպանությունը պետականորեն չի ճանաչվել, մշակույթի միջոցով այդ  թեմային ևս մեկ անդրադարձը խնդիրը բարձրաձայնելու և պատմական իրադարձությունների փաստին մարդկանց հասու դարձնելու լավագույն միջոցն է: Կարծում եմ, որ մեր հիմնադրամը իր փայլուն արդյունքն ունեցավ գերմանական հանդիսատեսի առջև երկու արվեստագետների ներկայացմամբ», – ասաց Սոնա Հարությունյանը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ղեկավարը նշեց, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հայ արվեստագետը մեկնել է Հալլե քաղաքի «Բուրգ Գիբիխենշտայն» արվեստանոց, որտեղ նա գեղարվեստական տպագրության արվեստանոցում տասը շաբաթ ստեղծագործել է՝ ստեղծելով մոտ 50 աշխատանք: Այդ աշխատանքներից 19-ը մայիսի 11-ին ցուցադրվել են Մորիցբուրգի թանգարանում «Անցյալի ձայները» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում:

«Օտար միջավայրը միանգամից խփում է դեմքիդ իր օտարությամբ և դժվարությամբ է ստացվում դրա մեջ գտնել հարազատ նոտաներ, որոնք պետք է վերարտադրել: Սակայն այն լայն հնարավորությունները, որոնք առկա էին արվեստանոցում, ցավոք, Հայաստանում բացակայում են: Գնալով օրեցօր ինձ նոր թաքնված թեմաներ հաջողվեց հայտնաբերել: Արդյունքում «Անցյալի ձայները» ցուցահանդեսով նպատակ ունեի Հայաստանի անցյալը միահյուսել գերմանական ներկային», – ասաց Տիգրան Կիրակոսյանը:

Արվեստագետի խոսքով՝ ցուցահանդեսի հիմնական թեման մարմնի տարբեր մասերը կորցրած մարդու՝ դրանք վերագտնելու փորձն է:

ՀՀ վաստակավոր արտիստ դաշնակահար Հայկ Մելիքյանը ծրագրի շրջանակում «Սպասելով արևածագը» խորագիրը կրող համերգով հանդես եկավ գերմանացի երաժշտասերների առջև, որը տեղի ունեցավ մայիսի 13-ին Հենդելի տուն-թանգարանում:

«Համերգին ներկայացվեցին ինչպես հայ դասականներ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Նպատակ ունեի գերմանացի ուկնդրին ներկայացնելու ինչպես հայ դասականներին, այնպես էլ հայ ժամանակակից արվեստագետներին, ովքեր ստեղծագործում են՝ աշխատելով աշխարհի տարբեր կետերում: Համերգի խորագիրը վերցված էր Տաթև Ամիրյանի համանուն ստեղծագործությունից, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և որում օգտագործված են կոմիտասյան ելևեջները», – ասաց Հայկ Մելիքյանը:

Տիգրան Կիրակոսյանի ցուցահանդեսը գերմանիայում կցուցադրվի մինչև հունիսի 26-ը: Իսկ աշնանը, Ազգային պատկերասրահում, փոխադարձ այցի շրջանակներում, բացվելու է գերմանական լուսանկարչական ցուցահանդես, որն իր մեջ ընդգրկում է գերմանացի լուսանկարիչների 1945-1975 թթ. աշխատանքները:

 

 

Scroll Up