Չարենցի դիմանկարը նվիրեց թանգարանին

ԱՄՆ-ում ապրող ճանաչված մեր հայրենակիցը՝ նկարիչ Ալեքսանդր Սադոյանը, իր՝ Եղիշե Չարենցի դիմանկար ստեղծագործությունն էր ուղարկել բանաստեղծի տուն-թանգարան: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը:
Տուն-թանգարանի աշխատակիցները՝ Լիլիկ Հակոբյանի գլխավորությամբ, գեղեցիկ անակնկալի մասնակիցը դարձան: Դիմանկարը տեղադրվեց թանգարանի երրորդ հարկում: Լիլիկ Հակոբյանն ու թանգարանում աշխատող Չարենցի շառավիղներից՝ տիկին Գոհարն իրենց շնորհակալությունը հայտնեցին նկարչին՝ Չարենցի տուն-թանգարանի եւ ընտանիքի անունից: 1996-ից Լոս Անջելեսում բնակվող հայ նկարչի հայտնի գործերից են Փարաջանովի, Մհեր Մկրտչյանի, Արշիլ Գորկու, Ազնավուրի, Սարոյանի դիմանկարները: Իր խոսքերով՝ Չարենցի նման հանճարեղ երեւույթին պատկերելը իր երազանքն էր, իր խոնարհումն էր՝ նրա պայծառ հիշատակին: Ի դեպ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ալեքսանդր Սադոյանը 1995թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է:
Նա հեղինակ է ռեալիստական եւ աբստրակտ գործերի: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Բրազիլիայում: Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ: 2008-ին ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»: