ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնին

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող, «Եվրոպայի կորած և շահագործված երեխաների» եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնին ներկայացրեց երեխաների պաշտպանության առումով Հայաստանում առկա իրավիճակը՝ տեղեկացնելով, որ դեռևս 1996 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը համահունչ է երեխաների պաշտպանությանն առնչվող ՄԱԿ-ի կոնվենցիաներին: Նախարարը շեշտեց նաև, որ ընտանիքի ու երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք և ավանդույթներ ունեցող Հայաստանում հնարավորինս սակավ են երեխաների վաճառքի և մարմնավաճառության հետ կապված երևույթները:

 Տիկին Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանում կան փախստական երեխաներ: Պատասխանելով հարցին՝ նախարարն ասաց, որ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ներկայումս ապաստան են գտել 14000-15000 սիրիահայ, որոնցից շուրջ 2000-ը տարբեր տարիքի երեխաներ ու պատանիներ են: Սիրահայերի, այդ թվում և երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության և բարեգործական հիմնադրամների միջոցներով անվճար հիմունքներով լուծված  են կրթության,  առողջության, փաստաթղթավորման, քաղաքացիության ընդունման հետ կապված բոլոր հարցերը:

 Նախարարը հորդորեց Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնին՝ օգտագործելով իր մանդատը ՄԱԿ-ում բարձրացնել Սիրիայում քրիստոնյա երեխաների պաշտպանության հարցը, քանի որ ներկայումս այնտեղ օրհասական իրավիճակ է:

 Տիկին Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնը խոստացավ անել հնարավորը՝ տեղեկացնելով, որ այդ հարցով արդեն իսկ տեղի են ունեցել քննարկումներ:

vvvv

Scroll Up