Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը

Կանադայի Սենատը վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում` վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly պարբերականը:

«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալին, ձախողման լուրջ ռիսկի է ենթարկում սեփական պատմությունից իրենց ազատելու հնարավորությունը»,­ իր հայտարարության մեջ նշել է սենատոր Թանհ Նայի Նգոն: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին «այս ծանրագույն հանցագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է այն ճանաչել»:

«Կանադայի խորհրդարանը անտարբեր չմնաց Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կոտորածներին: Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության տարելիցին, և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»,­ ասել է սենատորը:

Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը բացման խոսքում ևս անդրադարձել է Ցեղասպանության փաստին, ինչպես նաև ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին և դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին:

Scroll Up