Մա՞րդ լինելու, մուսուլմա՞ն լինելու, թե՞ թուրք լինելու համար ամաչեմ. թուրք լրագրողն անիծում է

Պոլսեցի լրագրող Օսման Բալջըգիլը, yerkir.am-ի փոխանցմամբ,  Haber3 կայքում հոդված է հրապարակել՝ անիծելով Թուզլայի հայկական որբանոցը ոչնչացնելու որոշում կայանողներին և դա իրականացնողներին:

Աստված ձեր գլխին փորձանք բերի

Սիրում եմ հայերին,

Այն էլ՝ շատ, Շատ պատճառներ ունեմ` սիրելու:

***

Չորս տուն թուրք, 50-60 տուն էլ հայ բնակիչ ունեցող Գեդիքփաշա փողոցում եմ մեծացել: Աշխարհի չափ հայ եղբայր՝ ախպարիկ և քույր եմ ունեցել:

***

Օրինակ՝ մանդոլինայի առաջին դասընթացներս ստացել եմ Ավետիս եղբայրից: Երբ նկատել էր առաջընթաց, ձեռքիցս բռնած՝ ինձ տարել էր Սուրբ Մեսրոպյան եկեղեցի, ինձ տեղավորել իր ղեկավարած նվագախմբում և երգչախմբում: ***     Այդ ժամանակ մեծ հայրս դեռ ողջ էր, ընդ որում` նաև մեծ մայրս, և ընտանիքիս բոլոր մեծահասակներն անգամ մտածել էին՝ արդյոք կմնա՞մ քրիստոնեության ազդեցության տակ:

***

Հիշում եմ՝ ինչ հաճույքով էի դիտում Ակոբ  (Հակոբ) հորեղբոր՝ իր տան առաջ հիմնած տիկնիկային թատրոնի ներկայացումները: Շատ էի հավանում նրա ձեռքերով պատրաստված փայտե տիկնիկներն ու դրանց համար նրա կնոջ կարած շորերը: Վարպետն իր ապրուստն էր վաստակում` տանիքի ջրատարներ վերանորոգելով:

***

Մի օր հենց մեր հետևի թաղում աշխատելիս ընկավ տանիքից: Մահացավ: Եթե մտերիմիս կորցնեի` գուցե նույնքան տխրեի:

***

Երբ մեծ հայրս մահացավ, մեր հայ հարևանները 7 օր ճաշ բերեցին մեր տուն: Չգիտեմ՝ հայկակա՞ն, թե՞ թուրքական սովորույթ էր դա, բայց չեմ էլ ցանկանում իմանալ: Մանկուց «մենք» և «նրանք» հասկացությունը մեր մտքով երբեք չէր անցնում:

***

Զատկին մեր տունը լցվում էր գունավոր հավկիթերով և զատկական կարկանդակով: Հոտն ու համը դեռ հիշողությանս մեջ է:

***

Չեմ մոռացել մեր հավկիթախաղը փողոցի անկյուններում, գիպսից չկոտրվող հավկիթներ պատրաստելու մեր փորձերը:շ

***

Դպրոցական տարիներին հարսանիքներում նվագելու համար խումբ էինք հիմնել: Խմբի միակ թուրքը ես էի: Նվագում էինք թե’ հայկական, թե’ թուրքական հարսանիքներում: Չգիտես` ինչու, հիշողությանս մեջ մնացել է այդ ժամանակվա հայտնի` «Սուտ է, սուտ է» երգը, որը շատ լավ էինք նվագում:

***

Ա’յ  եղբայր, մարդ գոնե մեկ անգամ չի՞ զգա, որ տարբեր էթնիկական ծագում կամ կրոն ունի: Չզգացի: Սիրում ենք իրար, և դա մեզ բավարար էր:

***

Օրերն իրար հաջորդեցին… Դարձել եմ երիտասարդ տղա, թռչել եմ բույնից: Ամեն անգամ հայրական տուն այցելելիս տեղեկանում էի, որ մեր հայ հարևաններից ևս մեկը վաճառել է տունն ու տեղափոխվել: Մեր հարևանները հիմնականում տեղափոխվում էին Քուրթուլուշ (Անկախության փողոց՝ Կ.Պոլսում): Այս ընթացքում ամեն մի կորուստը տխրեցնում էր հորս ու մորս:

***

Երկար չտևեց՝ ընտանիքս իր հայ հարևանների հետևից տեղափոխվեց Քուրթուլուշ: Մորս ու հորս վերականգնված տրամադրությունն ու երջանկությունը տեսա նրանց աչքերում: Առավոտյան սուրճերն ու երեկոյան թեյերը վերադարձել էին: Եվ, իհարկե, հաճելի զրույցներն ու հին օրերի հիշողությունը…

***

Քիչ առաջ թերթում մի լուր կարդացի: Թուզլայի հայկական որբանոցը քանդելու համար շինարարական մեքենաներ են գործի դրվել:   Ասես` գլխիս կրակեցին:     «Աստված  ձեր գլխին փորձանք բերի»,- բացականչեցի (վերջին շրջանում ինչքան շատ ենք սկսել օգտագործել այս արտահայտությունը…):

***

Եվ իսկույն մտաբերեցի Հրանտ Դինքի «Ամբաստանում եմ, ով մարդկությո’ւն» վերնագրով հոդվածը:   Դինքն իր հոդվածում ամփոփ ասում էր. «Մի առավոտ մեզ՝ 13 երեխաներիս, վերցրին, Գեդիքփաշայից ոտքով տարան Սիրքեջի, այնտեղից շոգենավով` Հայդարփաշա, Հայդարփաշայից էր գնացքով` Թուզլայի կայարան, որտեղից էլ, մի ժամ  քայլեցնելով, տարան լճի և ծովի եզրին գտնվող մեծ ու ընդարձակ մի հարթ տարածք: Վաղ առավոտյան արթնանալով և մինչև գիշերվա ուշ ժամերն աշխատելով՝ ավարտեցինք ճամբարի շենքի շինարարությունը:

Գիշերները հոգնությունից տակներս էինք անում: 8 տարեկանում գնացի Թուզլա: Ուղիղ 20 տարի աշխատանք թափեցի այնտեղ: Կնոջս՝ Ռաքելի հետ այնտեղ ծանոթացա, այնտեղ մեծացանք, այնտեղ ամուսնացանք: Մեր երեխաները ծնվեցին այնտեղ… Մի օր մեր ձեռքը տվեցին դատարանից մի թուղթ… «Դուք՝ փոքրամասնության կառույցներդ, տարածք գնելու իրավունք չունեք: Ժամանակին, երբ մենք ձեզ թույլատրեցինք, սխալվեցիք: Այս տարածքն այսուհետ պատկանելու է իր նախկին տիրոջը»:

5 տարի տևած մեր պայքարից հետո պարտվեցինք… Ինչ անենք, որ մեր առջեւ պետությունն էր կանգնած: Բողոք ունեմ, ով մարդկությո’ւն … Մեզ մեր ստեղծած քաղաքակրթությունից դուրս հանեցին: Տեղավորվեցին այնտեղ մեծացած 1500 երեխաների ճակատի քրտինքի վրա, հափշտակեցին մեր՝ երեխաների աշխատանքը: Եթե այն աղքատ երեխաների համար դարձյալ որբանոց դարձնեին` անկախ ինքնությունից, աղքատ կամ  հաշմանդամ երեխաների համար որպես ճամբար օգտագործեին, իմ իրավունքը հալալ կանեի նրանց, բայց այս պայմաններում հալալ չեմ անում:

Եվ հիմա արդեն ավերակ է դարձել մեր ստեղծած` Թուզլայի աղքատ երեխաների ճամբարը, մեր «Անտլանտիդա  քաղաքակրթությունը»… Հիմա արդեն, երբ չկան երեխաների ծվոցները, ցամաքել է նաև փոսի ջուրը… Շենքի ուսերը կախ են… Հողը՝ ամուլ… Ծառերը՝ դժգոհ… Իսկ իմ վրդովմունքի գագաթնակետի թռիչքներն այնքան սուր են, ինչպես ծիծեռնակինը, որի` ամենայն զգուշությամբ սարքած բույնը մեկ հարվածով ոչնչացվել է: Սակայն՝ ապարդյուն…»:

***

Դինքի այս հոդվածն ընթերցելուց հետո, բնականաբար, շատ տխրեցի, նաև մտածեցի՝ ուրեմն նա էլ ինձ նման Գեդիքփաշայում է  մեծացել:   Նա էլ ինձ նման Քումքափյում է սովորել լողալ, գնդակ է խաղացել Ջինջի հրապարակում, հեծանիվ քշել և երևի սահնակով սահել Գեդիքփաշայի զառիվերից մինչև Չիֆթե Գելինլեր (Զույգ հարսներ) փողոց:

***

Ուրեմն հիմա քանդում են նրա փոքրիկ ձեռքերով կառուցված Թուզլայի հայկական որբանոցը…   Աստված իմ, այս ինչ մեծ ամոթ է:   Մա՞րդ լինելու, մուսուլմա՞ն լինելու, թե՞ թուրք լինելու համար ամաչեմ:

***

Շատ չանցած՝ այս տարածքում էլ իսլամական ինքնությամբ աչքի ընկնող քաղաքական իշխանության «գործարարները» շքեղ առանձնատներ, առևտրի կենտրոններ և երկնաքերներ կտնկեն, իրենց հարստությանը հարստություն կավելացնեն:   Ձեռք կբերեն մի նոր կեղտոտ եկամուտ:

***

Թող ձեր աչքին, ծնկին կանգնի (թուրքերեն անեծք՝ օգտոգործվում է ապերախտ մարդկանց համար):

***

Իմ իմացած բոլոր հայհոյանքները ձեզ եմ ուղղում, Իմացած բոլոր անեծքները՝ ևս:

*** Աստված ձեր գլխին փորձանք բերի: Թող հողը ձեր աչքը կշտացնի (թուրքերեն՝ օգտագործվում է ագահ, աչքածակ մարդկանց համար):

***

Էլ ի՞նչ ասեմ:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

Հ.Գ. Լրագրող, գրող Օսման Բալջըգիլը ծնվել է 1955 թվականին Պոլսում: Երկար տարներ աշխատել է  Hürriyet, Cumhuriyet և թուրքական այլ հայտնի թերթերում ու հեռուստաալիքներում: 1988 թվականին ստացել է Թուրքիայի Լրագրողների ասոցիացիայի` «Տարվա լրագրող» մրցանակը:

Scroll Up