Հայկական Զինված ուժերն ամեն ինչ անում են հակամարտության խաղաղ լուծման համար. Սեյրան Օհանյան

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ողջ հրամանատարական կազմն ամեն ինչ անում են հակառակորդի հետ խելացի «հարաբերությունների» ձեւավորման, խելացի պաշտպանության իրականացման եւ հրադադարի ապահովման համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի 21-ամյակի առնչությամբ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Հետեւողականորեն գնում ենք դրան: Եթե չի ստացվում, ապա պետք է հարցնել հարեւաններին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն եւ հարցերը լուծվեն փոխըմբռնման եւ մեր շահերի գերակայման պայմաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել: Նախարարը շեշտեց, որ պարբերաբար ինտենսիվ կրակոցներ, դիրքերի առաջ տալու ժամանակներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել: Այս առումով Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարի դիվերսիոն գործողությունների լարվածությունը հասել է գագաթնակետին:
Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում: