Մայիսյան եռատոնը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Մայիսի 9-ը աշխարհում, հատկապես նախկին ԽՍՀՄ երկներում, տոնում են որպես Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային զորքերի տարած հաղթանակի օր Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այս պայքարին մասնակցում էին մոտ 600.000 հայ զինվոր, որոնք կռվեցին ռազմաճակատի ամենաթեժ կետերում: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:

Հայ ազգը հայրենիքին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է ԽՄ հերոսի կոչման: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման է արժանացել նաև օդաչու Նելսոն Ստեփանյանը:

Այս օրվա տոնական տրամադրությունը հայ ժողովրդի համար ամբողջանում է նաև արցախյան հերոսամարտով: Ուղիղ 23 տարի առաջ այս օրը` 1992-ի մայիսի 9-ի առավոտյան, հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան և հայկական զորքը մտնելով Շուշի` բերդաքաղաքի հայկական եկեղեցու գմբեթին ծածանում է հաղթական եռագույնը:
Հայաստանում Եռատոն է, քանզի նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի` հայոց հաղթանակած բանակի ստեղծման հերթական տարեդարձը, որով հայ ժողովուրդն իր թշնամիներին հիշեցրեց, որ հայ ազգն ի զորու է հաղթական ու մարտնչող ոգով պաշտպանել հայոց սահմանները:

Մայիսի 9-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում նշվեց եռատոնը: Կենտրոնի պատմության ուսուցիչ Վ. Ռստակյանը իր ելույթով հյուրերին համառոտ ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմի, արցախյան հերոսամարտի և Լեռնային Ղարաբաղի հայոց հաղթանակած բանակի ստեղծման մասին, իսկ կենտրոնի տարբեր խմբակների երեխաներ իրենց երգերով ու բանաստեղծություններով բարձր պահեցին տոնական տրամադրությունը և խոստացան մեր մարշալների ու հերոսների նման միշտ պայքարել իրենց հայրենիքի պաշտպանության և հզորացման համար:

Իսկ վերջում ԱԵԿ-ի տնօրեն Վ. Արաբյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր ներկաներին շնորհավորեց այս մեծ տոնի` Եռատոնի առթիվ:

Scroll Up