«Տոն, որը միշտ քեզ հետ է». Կապելլան «վերանվաճեց» Սանկտ Պետերբուրգը

ՌԴ մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հուլիսի 3-6-ը անցկացված Երևանի օրերի շրջանակում պետերբուրգցի արվեստասերը հնարավորություն ունեցավ մեկ անգամ ևս անմիջականորեն շփվելու հայ մշակույթին: Երևանյան օրերի մշակութային ծրագրի շրջանակում  տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝  Գալա համերգ կատարողական արվեստի հայ վարպետների և կոլեկտիվների կատարմամբ, գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, թատերական ներկայացում, ինչպես նաև գիտակրթական հարցերին նվիրված և փորձի փոխանակմանը միտված Կլոր սեղան, որին երևանյան պատվիրակության (որն, ի դեպ, գլխավորում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը) և  Ս. Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անդամների հետ մասնակցում էին նաև պետերբուրգյան մի շարք բուհերի ղեկավարներ:

Առանց դույզն-ինչ չափազանցելու՝ կարելի է ասել, որ Սանկտ Պետերբուրգում  Երևանյան օրերի փառապսակ-վերջակետը դրվեց Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի համերգասրահում, հուլիսի 5-ին: Այդ օրը այստեղ ելույթ ունեցավ  Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Այն, ինչ կատարվում էր դահլիճում, անհնար է փոխանցել բառերով: Նման դեպքերի համար է ասված՝ պետք էր տեսնել…  Պետերբուրգցի երաժշտասերը չէր մոռացել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին՝ Կապելլային…

Եվ ահա ուղիղ 20 տարվա ընդմիջումից հետո Կապելլան վերջապես նորից ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգում, այն Պետերբուրգ-Լենինգրադում, որտեղ միշտ սիրել ու սպասել են այս խմբին, որի մշակութային բուռն կյանքի անբաժանելի մասն են եղել երգչախմբի ամենամյա  հյուրախաղերը տարիներ շարունակ, որոնք որպես կանոն տեղի էին ունենում Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի փառահեղ համերգասրահում, հաճախ՝ Մռավինսկու հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբի հետ, և միշտ՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Եվ միշտ՝ «անհնարինության աստիճանի» լեցուն դահլիճում: Այն դահլիճում, որտեղ մինչև 1993թ-ը, հայ և համաշխարհային դասական երգարվեստի գոհարների կողքին պարբերաբար պետերբուրգցի խստապահանջ ու նրբաճաշակ ունկնդրի դատին է ներկայացվել նաև շուրջ 40 վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործություն Հայաստանի պետական երգչախմբի և Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ, հանրահայտ մենակատարների մասնակցությամբ և մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, որոնց ազդագրերին գրված է եղել՝ ԽՍՀՄ-ում կատարվում է առաջին անգամ: Նման հույժ պատասխանատու վերտառությամբ համերգներին, կատարողական բարձրագույն վարպետությամբ, այս համերգասրահում հնչել են  համաշխարհային դասական երգարվեստի այնպիսի նշանավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են Բեռլիոզի «Ռեքվիեմը», «Տե Դեումը», Վիվալդիի «Գլորիան», Բախի լա մաժոր Մեսսան, Շուբերտի «Կանտատը», Վերդիի «Ազգերի հիմնը» …

Ճիշտ է՝ Կապելլայի մենահամերգը այս անգամ՝ 20 տարի անց, Ս. Պետերբուրգում տեղի էր ունենում ոչ Շոստակովիչի անվան, այլ Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի դահլիճում ( որը նույնպես հրաշալի համերգասրահ է), սակայն լեցուն դահլիճի ունկնդիրը նույնն էր:  Եվ այդ ունկնդիրը, որը 20 և ավելի տարիներ առաջ Կապելլայի և Լենինգրադի սիմֆոնիկի ներկայացմամբ  որևէ մեծ կտավի ստեղծագործության (ասենք՝ Վերդիի «Ռեքվիեմի») փայլուն կատարումից հետո ուզում էր Կոմիտաս լսել, նույն այդ ունկնդիրը այս համերգից հետո հարցնում էր՝ ո՞ւր էիք, 20 տարի սպասում էինք ձեզ… Վերդիից հետո Կոմիտաս լսելու ցանկությունը անշու´շտ վկայում է  ոչ ,միայն Կոմիտասի մեծության (որն անսակարկելի է), այլև պետերբուրգցի ունկնդրի տեղեկացվածության ու բարձր ճաշակի մասին:

Ամեն ինչից զատ՝ այս համերգը ևս մեկ անգամ փաստեց, որ Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը շատ բան չի կորցրել քաղաքական վերիվայրումների վերջին 2 տասնամյակների ընթացքում: Իսկ նոր սերունդը, որն այդ երեկո առաջին անգամ էր առնչվում  Կոմիտասին ու առհասարակ հայ դասական երգարվեստին, առաջին անգամ էր լսում Հովհաննես Չեքիջյանի կապելլային, պարզապես ցնցված էր:

Համերգային ծրագիրը՝ չափազանց հետաքրքիր ու բազմազան, ընդգրկում էր հայ և համաշխարհային դասական երգարվեստի ծաղկաքաղ նմուշներ՝ Կոմիտաս, Սահառունի, Տիգրանյան,  Վերդի, Բեռլիոզ, Գունո, Գերշվին, Ռոսսինի… Յուրաքանչյուր համարը արժանանում էր փայլուն ընդունելության: Իսկ երբ հնչեց Նովիկովի մշակմամբ ռուսական ժողովրդական «Է´յ, ուխնեմ»  երգը, դահլիճը պարզապես թնդում էր  չդադարող ծափերից. Ռուսական ժողովրդական երգի այսպիսի կատարում ուղղակի չէին սպասում…

Իրենց բարձրարվեստ կատարումներով աչքի ընկան  նաև երգչախմբի մենակատար Սարգիս Աղամալյանը (տենոր) և կոնցերտմայստեր Արամ Թուրաբյանը: Իսկ մաեստրո Չեքիջյանը, որ իր երկրորդ երիտասարդությունն էր ապրում բեմում, պարզապես ապացուցեց, որ «այս լուսնի տակ ոչինչ չի փոխվել»՝ ինչպես որ նույնն է պետերբուրգցի երաժշտասերը՝ նրբաճաշակ, խստապահանջ, նույնն է և Կապելլան՝ բարձրարվեստ, բոլորից տարբերվող իր ուրույն «բնավորությամբ», նույննէ և նրա ղեկավար մաեստրո Չեքիջյանը՝  հավերժ երիտասարդ, միշտ հմայիչ ու կախարդող, որի ղեկավարությամբ համերգը վայելք է ունկնդրի համար, իսկ երգիչների համար՝ «տոն, որը միշտ քեզ հետ է»:

Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Scroll Up