Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները շարունակական են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Vigen-sargsyan.jpg)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակական է համարում: Այս մասին նա ընդգծեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Արմենպրես»=ի փոխանցմամբ` հարցին ի պատասխան, թե կարող է նա առանձնացնել ամենակարևոր արդյունքը, որ գրանցեց Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլյան միջոցառումներից հետո, Վիգեն Սարգսյանը նշեց. «Դժվար է առանձնացնել մեկը, որովհետև այն, ինչ անվանվում է միջազգային քաղաքացիական հասարակություն կամ միջազգային լրատվություն, բոլորը ներգրավված էին ամենաբարձր մակարդակով: Դուք լսել եք ամենահայտնի հեռուստահաղոդավարների, ամենահայտնի քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների խոսքը, որն արտացոլում էր այն չորս գաղափարները, որոնց վրա մենք կառուցում ենք 100րդ տարելիցի ոգեկոչումը»:
Նա կարևորեց ոչ միայն այն նախագահների խոսքը, որոնք Երևանում էին էին, այլև նրանց, որոնք նախընտրեցին իրենց երկրներում մասնակցել հայ համայնքի միջոցառումներին կամ իրենք նախաձեռնեցին միջոցառումներ, այն խորհրդարաններինը, որտեղ անդրադարձ կատարեցին հարցին: «Այս ամենն արդյունք է. դժվար է որևէ մեկն առանձնացնել», նկատեց Վիգեն Սարգսյանը: Նա թերևս ամենակարևորը համախմբվածությունը համարեց, որի շնորհիվ որևէ մեկն իրեն թույլ չտվեց կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: «Նրանք, ովքեր այս կամ այն պատճառով որոշեցին ավելի սահմանափակ ձևաչափով մասնակցել կամ արտահայտվել, նրանցից մեկը չի վիճարկում այն, ինչ եղել է: Ուղղակի շատերը բացեիբաց ասում են, որ, քաղաքական նպատակահարմարության խնդիրներից ելնելով, այսօր չեն անցնում ճանապարհն ամբողջությամբ, բայց անում են քայլեր այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ ճանաչման գործընթացը շարունակական է լինելու: Մի շարք խորհրդարաններում առկա են նախագծեր, բանաձևեր, որոնք, վստահ ենք, կստանան իրենց արժանի հանգուցալուծումը»,ավելացրեց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ միջազգային արձագանքն սպասածից էլ ավելին էր, ինչի համար ՀՀ Նախագահն էլ է իր շնորհակալությունը հայտնել Ծիծեռնակաբերդի բարձունքի միջոցառմանը: Ինչ վերաբերում է ցեղասպանագիտական թեմաներում առաջամարտիկի դերը ստանձնելուն, ապա Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` կարևորն առաջարկված կոնցեպտն է, որ Հայաստանը վերցնի առաջնորդությունն այդ գործընթացում: «Ինչ վերաբերում է կոնկրետ մեխանիզմներին, ապա դրանք երկար քննարկումների առիթ պետք է դառնան, որովհետև կա շահերի և հետաքրքրությունների համադրման հարց, որպեսզի հնարավոր լինի իրագործել կազմակերպություն ստեղծելը: Կա ցեղասպանագետների ընկերակցություն, որը գիտնականների կառույց է, կա ՄԱԿը` իր բոլոր կառույցներով, որտեղ Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալում ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում, հատկապես Մարդու իրավունքների հանձնախմբում: Եվ մենք, կարծում եմ, կգտնենք ճիշտ ձևաչափ», ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` այն, ինչ նշմարելի է այս պահին, գլոբալ ֆորումին պարբերական բնույթ հաղորդելն է: «Եթե միջազգային հիմնական դերակատարների կողմից լինի հստակ ցանկություն, մենք պատրաստ կլինենք Երևանը դարձնել այդպիսի պարբերական քննարկումների հարթակ», եզրափակեց Վիգեն Սարգսյանը