Իռլանդիայի եկեղեցին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Դեռևս ուշ չէ, որ աշխարհը վերջապես ընդունի Հայոց ցեղասպանության ճշմարտությունը:
«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեոֆրի Ջեքսոնը: «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ աշխարհը վերջապես կտեսնի անպատասխան մնացած հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը և այն, որ դեռևս ուշ չէ ճանաչելու ճշմարտությունը,- ասել է արքեպիսկոպոսը` հավելելով,- Ես հարգում և հիանում եմ հայ ժողովրդով»:
Հայ Առաքելական եկեղեցու Դուբլինի ծխական խորհուրդն ապրիլի 26-ին Դուբլինի Թանի ծխական եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների և եկեղեցիների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր։ Արարողությանը Դուբլինի եպիսկոպոս Ռայմոնդ Ֆիլդը մեջբերել է Հռոմի Ֆրանցիկսոս պապի խոսքերը, ով 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է անվանել:
Ելույթներով հանդես են եկել նաև Ուելսի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պատրիկ Թոմասը, Իռլանդիայի հրեական համայնքի պատվո նախագահ Լեոնարդ Աբրահամսոնը, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Խեմչյանը, որից հետո հայ համայնքի ներկայացուցիչները վառել են Հայոց ցեղասպանության տարելիցի 100 տարիները խորհրդանշող 100 մոմ։
Միջոցառումը նաև լայնորեն լուսաբանվել է իռլանդական մամուլում և կենտրոնական հեռուստատեսության լրատվական թողարկման մեջ։