Մորգենթաուի ծոռնուհին այցելել է Արցախ

Ապրիլի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, հոգեբան, դոկտոր Պամելա Շտայների հետ, ով առաջին անգամ է Արցախում:

Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել ԱրՊՀ  ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր  Վիտյա  Յարամիշյանը, ով  ողջունել և  շնորհակալություն   է  հայտնել  Պամելա Շտայներին՝  Արցախում   լինելու  և  արցախցիներով  հետաքրքրվելու  համար։

«Հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հենրի Մորգենթաուի նկատմամբ՝  բարձր  գնահատելով  նրա  անաչառ  վերաբերմունքը,  կարեկցանքը  և  օգնությունը   հայության  հանդեպ»,- ասել  է  Վ.  Յարամիշյանը։

 Հանդիպման  սկզբում   Պամելա Շտայները պատմել է  իր  մեծ  պապի  անցած  ուղու  և  հայության  համար  կատարած նրա   մեծ  ներդրումը, որն առավել  բարոյական  աջակցություն  է։

Այնուհետև  ներկաների  ու  հյուրի  միջև ծավալվել է  անկեղծ  երկխոսություն։ 

«Արցախպրես»-ի  թղթակցի  այն  հարցին, որ  նա  իր   խոսքում նշել  է, թե  պատրաստվում  է    ծանոթանալ   ղարաբաղաադրբեջանական   հակամարտության  գործընթացին։

«Որոնք  կլինեն  Ձեր   հետագա   քայլերը  այդ  գործընթացի   խթանման գործում» հարցին Պամելա Շտայները  պատասխանել է.

«Չգիտեմ։ Ինչպես  տեսնում  եք  ես  արդեն   ծեր  եմ,  և  չգիտեմ   ինչքանը  կհասցնեմ,  սակայն  հիմա  ես «Հոգեբանական   տրավմա»  վերնագրով գիրք  եմ  գրում, որտեղ     կանդրադառնամ      նաև   այդ  հարցին»։

Նա  նաև  հավելել է, որ  տպավորված  է  Արցախի  բնությամբ, ազատամիտ   ժողովրդով, խելամիտ  երիտասարդներով, որոնք  անկաշկանդ  բանախոսում են՝  բարձրացնելով  ազգային  և  համամարդկային  իրենց  հուզող  հարցեր։

Հանդիպման  ընթացքում   արծարծվել են հայ ժողովրդի և Արցախի պատմությանն առնչվող մի շարք քաղաքական, մարդասիրական և հոգեբանական խնդիրներ:

Հանդիպմանը ներկա  էին     համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմը,     ուսանողներ  և  այլք։

 Նշենք, որ Հենրի Մորգենթաուն    եղել  է     ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը  Օսմանյան  կայսրությունում (1913 – 1916 թթ.), դատապարտել է   Հայոց  ցեղասպանությունը , դրան անդրադարձել  իր  հուշերում։

1913–16 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան   Մորգենթաուի  պատմությունը»   (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։ Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին։

Scroll Up