ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/logo9.jpg)
Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին:
gargule.net էլեկտրոնային կայքի հիմնադիր Վարդգես Սարգսյանը ներկայացրեց կայքի գործունեությունն ու նպատակը, որի թիրախը Հայոց ցեղասպանության քարոզչությունն է վիրտուալ ճանապարհով:
Այնուհետև Լեն Ուիքսը, ով միաժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է, փոխնախարարին ներկայացրեց իր «Ծագումը: Բացահայտում» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և գոյատևման մասին: Հեղինակի նպատակն է ողջ աշխարհին հասանելի դարձնել Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին ճշմարտությունը: Ուիքսը նշեց, որ ի սկզբանե վեպ գրելու մտադրություն չի ունեցել, սակայն Հայաստան, մասնավորապես Վայոց Ձորի մարզ՝ Արենի այցելելուց հետո, ոգեշնչվելով Նորավանքը շրջապատող բարձրաբերձ լեռներով, հին հնագիտական քարանձավով, հայկական գինիով և հայ ժողովրդի մշակույթով` հասկացել է, որ կա մի անծանոթ, բայց իմաստալից պատմություն, որը արժե պատմել:
Ուիքսը հայտնեց նաև գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, որը կարևոր ուղերձ կարող է լինել Թուրքիային, ինչպես նաև այն պետություններին, որոնք Ցեղասպանությունը ճանաչելու խիզախություն չեն ունեցել:
Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը և կարևորեց այն, որ օտարերկրացիներն են գրում Հայոց ցեղասպանության, Հայաստանի մշակույթի և պատմության մասին՝ այն լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:
Լեն Ուիքսը «Ծագումը: Բացահայտում» գիրքը նվիրեց Սփյուռքի նախարարությանը: