Ախթամարի եկեղեցին ընդգրկվել է UNESCO համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ևս 9 պատմամշակութային կոթողների հետ ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում:

ermenihaber.am-ի փոխանցմցմբ՝ թուրքական «Taraftar» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ եկեղեցին ճարտարապետական առումով միջնադարի հայկական արվեստի ամենավառ հուշարձաններից մեկն է:

Ներկայացնելով եկեղեցու պատմությունը՝ կայքը գրում է, որ այն կառուցվել է 915-921թթ. Գագիկ Առաջին թագավորի հրամանով, իսկ ճարտարապետը եղել է Մանվելը: Եկեղեցու պատերը զարդարված է հարթաքանդակներով, որտեղ պատկերված են  բույսեր, կենդանիներ և սուրբգրային դրվագներ:

Թուրքական լրատվամիջոցի համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցու ընդգրկումը UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր  Չելիքն ասել է, որ իրեն շատ է ուրախացրել  այդ փաստը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել հայերին  Ախթամարում տարին մեկ անգամ պատարագ մատուցել:

Չելիքը նաև նշել է, որ եկեղեցու ընդգրկումն այդ նախնական ցուցակում հատկապես այս շրջանում օրինակ և «ուղերձ պիտի լինի օտարերկրկյա խորհրդարանների համար, որոնք Հայկական սփյուռքի քարոզչության ազդեցության տակ են մնացել»: Ըստ Չելիքի՝ օտարերկրյա  խորհրդարանները քաղաքականացնում են այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել  թուրքերի և հայերի մեջ ու ցավ պատճառել երկու կողմերին էլ:

Scroll Up