Ռագըփ Զարաքօլուն՝ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Գերմանիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ցեղասպանությունը ճանաչելով՝ ապացուցեց, որ Թուրքիայի իրական բարեկամն է։
Բարեկամությունը երբեմն բարեկամիդ սխալները մատնանշելով է լինում։ Evrensel պարբերականում հրապարակված իր հոդվածում գրում է թուրք մտավորական, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն։
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամությունը մինչև 19-րդ դարի վերջ է ձգվում։ Նաև՝ Ֆաշիստական Գերմանիայի ժամանակաշրջանում։ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմին չմասնակցեց, սակայն Ֆաշիստական Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց առաջ Գերմանիայի հետ չհարձակվելու ու բարեկամության վերաբերյալ համաձայնագիր կնքեց։
Հայոց ցեղասպանության 100-ամյակին Գերմանիայի նախագահը ցեղասպանությունը ճանաչելուց ավելին արեց՝ Գերմանիայի ունեցած դերակատարության համար ներողություն խնդրելով։
Բեռլինի Մայր տաճարում 1915-ին սպանված հայերի հիշատակին մատուցված պատարագին մասնակցած նախագահ Յոախիմ Գաուկը նշեց, որ հայերի ճակատագիրը 20-րդ դարի սարսափելի հետքերը կրող կոտորածների, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է։
Իմ կարծիքով՝ Գաուկն Օբամայի (ԱՄՆ նախագահ- Tert.am) դարպասին գոլ խփեց էթնիկ առումով։ Պետության շահերը չգերադասեց իրականությունից։
Գործընկերոջ՝ «մարդկության դեմ իրականացրած հանցանքի» խոստովանությունից հետո (նկատի ունի Գերմանիային- Tert.am), իմ կարծիքով, Թուրքիայի համար խոստովանելուց խուսափելը շատ ավելի դժվար է լինելու։
Եվ դա Թուրքիայի Հանրապետությունում ապրող բոլոր ժողովուրդների, բոլոր կրոնական խմբերի օգտին է լինելու։
Բալկանյան պատերազմների հետ սկսված ու Առաջին համաշխարհային պատերազմին շարունակված աղետը Բալկանների, Կովկասի, Անատոլիայի ու Միջագետքի ողջ ժողովուրդներին այս կողմից այն կողմ քշեց։
Սակայն ամենածանր գինն Անատոլիայի ազգերը վճարեցին։ Պատմական Հայաստանը, Պոնտոսն ու Ասորեստանը ջնջվեցին քարտեզի երեսից։
Մի ժամանակ Բալկանների՝ դեպի ծով բացվող դուռ համարվող, անցյալի ամենաբազմազգ քաղաքներից մեկը համարվող Սալոնիկում այստեղ հասած հայ և պոնտոսցի համայնքների հետ 1915-ի համատեղ ցավն ենք կիսում։
Նրանք իրական հայրենասերների նման դեռ կարոտում են իրենց կորուսյալ հայրենիքը։
Ուրեմն ի՞նչ կարող ենք անել մենք՝ «այլևս երբեք» ասելուց բացի»։