Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դատապարտումն է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Առաջին» ալիքի «Պոզներ» հաղորդաշարի եթերում ընդգծել է ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նոր ոճիրներ թույլ չտալու համար:

«Յուրաքանչյուր չբացահայտված և չդատապարտված հանցագործություն որոշակի խթան է ապագայում կատարվելիք հանցագործությունների համար»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ ամենալավ նախազգուշացումը և ապագայում կատարվելիքի կանխարգելման ամենահզոր տարրը հենց անցյալում կատարված հանցագործությունների խոստովանումն ու ընդունումն է: Դա ունի նաև գործնական նշանակություն. եթե մեկ անգամ փորձել եք և չեք պատժվել դրա համար, նույն արարքը կրկնելու գայթակղությունը մեծ է»,­ ասել է ՀՀ Նախագահը:

Նկատելով, որ 20­րդ դարի առաջին ցեղասպանության իրականացումից հետո պահանջվեց մոտ 50 տարի, որպեսզի այն ճանաչվի ՝ առաջինը Ուրուգվայի կողմից` Պոզները հարցրեց, թե ինչպես կարելի է հասկանալ, որ ԱՄՆ­ի և Իսրայելի նման պետությունները դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես հասկանում եմ, սակայն չեմ ըմբռնում: Նրանց համար շահերը կարևոր են արժեքներից՝ համամարդկային արժեքներից: Այս պարագայում նրանք ասում են, որ առաջնորդվում են իրենց ազգային շահերով, որն արտահայտվում է Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ: ԱՄՆ 51 նահանգներից 44-­ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, պատմության ընթացքում ԱՄՆ շատ նախագահներ նշել են ցեղասպանություն բառը: Ներկայիս նախագահ Օբաման սենատոր եղած ժամանակ բազմիցս ասել է ցեղասպանություն, իսկ իր նախընտրական արշավում նա մեղադրում էր իր մրցակիցներին՝ ասելով, թե ինչպես կարելի է այս հարցում միանշանակ դիրքորոշում չունենալ: Նույնն Իսրայելի պարագայում է»,­ պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութը դիտել այստեղ:

Scroll Up