Թուրք գործիչներն Արցախում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ապրիլի 26-ին մի խումբ թուրք գործիչներ Արցախում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Ցեղասպանության եւ ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին, հայտնում է NEWS.am-ը:

Кarabakh-open կայքի փոխանցմամբ, նրանք առավոտյան այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ զոհված ազատամարտիկների գերեզմանների մոտ։

Հյուրերը ներկայացնում են երկու` «Ցեղասպանությունից տուժածների զորակցություն» (Բեռլին) եւ «Ընդդեմ ցեղասպանության» (Ֆրանկֆուրտ) կազմակերպությունները:

«Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ղեկավար Ալի Էրթեմը նշում է, որ Թուրքիայի կողմից բնաջնջվել են այդ տարածքներում ապրող հայերը, հույները, ասորիները, եզդիները:

«1915-ը խավարի գագաթնակետն էր, որտեղ իր բնօրրանում սպանվեց, արմատախիլ արվեց լուսավոր մի ժողովուրդ: Ցեղասպանության ճանաչում նշանակում է ոչ միայն դատապարտում, այլ նաեւ փոխհատուցում: Այն ամբողջը ինչ խլվել է հայ ժողովրդից, պետք է կրկին իր իսկական տիրոջը վերդարձվի: Ես ծնկում եմ բոլոր զոհերի հիշատակի առջեւ, ներողություն խնդրում իմ եւ կազմակերպության բոլոր անդամների անունից», – ըստ Karabakh-life-ի, ասել է Ա. Էրթեմը:

Նրանք այցելել են նաեւ հուշահամալիրի հարեւանությամբ հանգչող Արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին, հարգել հարյուրավոր քաջորդիների հիշատակը, ծաղկեպսակ տեղադրել հուշահամալիրում:

«Արցախի ազատագրումը մեզ համար բազմիմաստ արժեք է: Ադրբեջանը` Թուրքիայի ցեղասպան կառավարության հետ հանցավոր պայմանավորվածությամբ, փորձեց օգտագործել Սովետական միության փլուզումը որպես առիթ` այս փոքրիկ հողում եւս հայերին գենոցիդի ենթարկելու: Նույնը ինչ արեցին 1915 թ, մտադիր էին անելու այստեղ: Սակայն լավագույն տղաները իրենց կյանքի գնով ազատագրեցին այս հողը, ցույց տալով աշխարհին, որ այլեւս 1915-ը չի կրկնվելու»,- ազատամարտի զոհերի շիրիմների մոտ ասել է Ա. Էրթեմը:

Նշենք, որ «Ցեղասպանությունից տուժածներին զորակցություն» կազմակերպության ղեկավար Ռեջեփփ Մարաշլըն առաջիններից է, ով Թուրքիայում` 1985 թ, բարձրաձայնել է ցեղասպանության մասին, ինչի պատճառով ձերբակալվել է ու 17 տարիներ անցկացրել բանտում` ենթարկվելով դաժան խոշտանգումների:

Հյուրերը Ստեփանակերտի հուշահամալիրից ուղեւորվել են դեպի Գանձասար` մասնակցելու կիրկանօրյա պատարագին:

Scroll Up