Սփյուռքի նախարարը պատասխանեց ֆրանսիացի լրագրողների հարցերին

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Պրովանս» օրաթերթի լրագրողներին:

 Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հ. Հակոբյանը կարևորեց այս օրերին աշխարհում և Հայաստանում անցկացվող միջոցառումները, հատկապես՝ Հռոմի Ֆրացիսկոս Առաջին Պապի կողմից աշխարհի մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն կաթոլիկներին ուղղված խոսքը, Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագը:

Նախարարը նշեց, որ «Համաշխարհային կարևոր նշանակություն ունեցավ նաև Գրիգոր Նարեկացուն «տիեզերական վարդապետի» կոչում շնորհելը:  Պատմական մեծ իրադարձություն էր Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի սրբադասման արարողությունը:

 Քաղաքական ու պատմական մեծ հնչեղություն ստացավ Ծիծեռնակաբերդում անցկացվող հիշատակի միջոցառումը, որին մասնակցում էին աշխարհի 50 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպես ժողովուրդ անսահման երախտապարտ ենք Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, նաև նրանց, ովքեր հնարավորություն չունեին գալու, բայց հոգով և սրտով մեզ հետ էին: Նշանակում է, որ աշխարհը բարիանում է: Սա նաև ուղերձ է աշխարհին, որ այլևս ոչ մի տեղ չկրկնվի ցեղասպանություն»:

Scroll Up